Ռուսաստանում COVID-19-ի հետեւանքով մահվան առաջին դեպքը. Պացիենտը քրոնիկական հիվանդություններ ուներ

13:01   19 մարտի, 2020

Մոսկվայում գրանցվել է Ռուսաստանում COVID-19-ի հետեւանքով մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Մոսկվայի կորոնավիրուսի իրավիճակի օպերատիվ շտաբը:

Պացիենտը 79 տարեկան էր, նրան մարտի 14-ին հոսպիտալացրել էին մասնավոր կլինիկայում, բայց 2 օր հետո տեղափոխել էին №2 ինֆեկցիոն հիվանդանոց: Նոր կորոնավիրուսի ախտորոշման նրա թեստի արդյունքը դրական էր:

Օպերատիվ շտաբը հայտնում է, որ պացիենտը եղել է մեկուսացված բոքսում եւ ինտենսիվ թերապիա է ստացել աճող շնչառական անբավարարության դեմ:

Պացիենտի մահվան պատճառն է եղել թոքաբորբը՝ ուղեկցող ծանր հիվանդությունների ֆոնին. 2-րդ տիպի շաքարային դրաբետ, սիրտ-անոթային հիվանդություններ, միզաքարային հիվանդություն:

«Տարեց պացիենտը մի ամբողջ շարք քրոնիկական հիվանդություններ ուներ, ներառյալ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, սրտի հիպերտոնիկ հիվանդություն: Պացիենտին ցույց է տրվել համալիր ինտենսիվ թերապիա»,- օպերատիվ շտաբի փոխանցմամբ՝ ասել է №2 ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սվետլանա Կրասնովայն:



© NEWS.am Medicine