4․5-ամյա Անգելինան մահացել է․ Եզակի վիրահատության ժամանակ տեղադրված ECMO սարքն աշխատել է 15 օր

15:13   19 մարտի, 2020

Այսօր, մարտի 19-ին, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում կյանքից անժամանակ հեռացավ 4․5-ամյա Անգելինան:

Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի խոռոչների լայնացում՝ կծկողականության կորստով:

04.03.2020 Երեխան ունեցավ սրտի կանգ, տևական վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվեց երեխային ողջ պահել, միացնելով արտամարմնային թաղանթային օքսիգենացիա, որն իրենից ներկայացնում է սիրտ և թոքեր ամողջովին փոխարինող ժամանակավոր սարք (ECMO): Պետք է նշել, որ երեխան ECMO-ն միացնելուց ժամեր անց արթնացավ ռեանիմացիացիոն բաժանմունքում:

Հարկ է նշել, որ Անգելինան բացի ձախ փորոքի վատ կծկողականությունից ուներ նաև տուժած աջ փորոք և վնասված թոքեր, որոնք ի վիճակի չէին իրենց ֆունկցիան իրականացնելու:

ECMO-ն որպես հիվանդի կյանքը պահպանող սարք ժամանակավոր բնույթ է կրում և ժամանակի հետ սարքին հարակից խնդիրներ են ի հայտ գալիս, որոնք վտանգում են հիվանդի կյանքը և որքան երկար է գործում սարքը,այնքան նշված խնդիրների հավանականությունը շատանում է:

ECMO-ն տեղադրելուց հետո ընտանիքի, ընտանիքի ընկերների, Առողջապահության Նախարարության և հասարակության արագ համախմբման արդյունքում մեր երկիր առաջին անգամ բերվեց արհեստական ձախ փորոք կոչվող սարքը (LVAD), որը փոխարինում է սրտի ձախ կեսի ֆունկցիան և ավելի երկարատև կիրառություն ունի, իսկ Անգելինայի դեպքում դա միակ հույս-կամուրջն էր դեպի սրտի փոխպատվաստում: Սակայն մեծ մտահոգություն կար, որ չնայած այս սաըքի առկայությանը, միևնույն է սրտի աջ բաժինը և թոքերը կշարունակեն մնալ ECMՕ-ի հույսին և չվերականգնվելու դեպքում, ժամանակի ընթացքում ի հայտ կգա կյանքի հետ անհամատեղելի իրադրություն: Այնուամենայնիվ տեղի և արտերկրի մասնագետների հետ տևական քննարկումներից հետո, ընտանիքի հետ որոշվեց միակ հույսը գործածել, տեղադրել ձախ փորոք փոխարինող սարքը և հույս ունենալ, որ աջ փորոքը և թոքերը թույլ կտան անջատել ECMՕ-ն, քանի դեռ սարքի հետ կապված վտանգավոր խնդիրները ի հայտ չեն եկել:

Այսպիսով ECMO-ի միացման արդեն երրորդ օրը ECMՕ–ն վերադասավորվեց (արդեն փոխարինեց միայն աջ փորոքին և թոքերին) և զուգահեռ միացվեց արհեստական ձախ փորոքը (LVAD), որն իր առջև դրված խնդիրները լուծեց փոխարինելով ձախ փորոքը: Սրտի աջ բաժինը և թոքերը շարունակեցին մնալ ECMO-ի սարքի հույսին:

Ընդհանուր առմամբ ECMO-ն աշխատեց 15 օր, սրտի աջ փորոքը և թոքերը այս ընթացքում ընդանրապես չվերականգնվեցին և թույլ չտվեցին ECMO-սարքից շուտափույթ անջատվել: Ցավոք այդ օրերի ընթացքում չնայած LVAD-ի նորմալ գործունեությանը, ի հայտ եկան տարբեր օրգանների անդառնալի կորուստներ, որոնք վերջիվերջո Անգելինայի կյանքի հետ անհամատեղելի դարձան և 19.03.2020-ին, առավոտյան ժ.10:30 գրանցվեց երեխայի կենսաբանական մահը:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք էին տեղադրել: Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ինչպես նաեւ Գագիկ Հեբոյանն՝ իր գործընկերների հետ:

Վիրահատությունն արժեցել էր 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել էր 2 օրում: Մյուս 30%-ը վճարվել էր պետբյուջեից:



© NEWS.am Medicine