Հայաստանի ո՞ր հիվանդանոցներում կկազմակերպվի կորոնավիրուսով պացիենտների բուժումը, եթե նրանց թիվն աճի

15:34   19 մարտի, 2020

Հայաստանում COVID-19 կորոնավիրուսով պացիենտների բուժումը լինելու է կենտրոնացված. Բոլոր պացիենտները, եթե նրանց թիվն աճի, բուժում են ստանալու մի քանի հիվանդանոցներում՝ այլ հիվանդություններով պացիենտներից առանձին: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ նման մոտեցումը կօգնի հնարավորինս խուսափել ինֆեկցիայի ներհիվանդանոցային տարածումից եւ այլ ախտորոշմամբ պացիենտների կորոնավիրուսով վարակվելուց: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ հիվանդանոցներն են աշխատելու բացառապես կորոնավիրուսով պացիենտների հետ: Առայժմ այդպես է աշխատում միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը:

Նախարարի խոսքով՝ մարզերի հիվանդանոցներն, ամենայն հավանականությամբ, չեն զբաղվի կորոնավիրուսով պացիենտներով՝ այսպիսի պացիենտներին կտեղափոխեն Երեւանի հիվանդանոցներ, որոնց ցուցակը կհրապարակվի ավելի ուշ: Ընդ որում՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը կմնա կենտրոնական օղակ, որտեղ կընդունեն պացիենտներին, կթեստավորեն, աշխատանքը կհամակարգեն եւ կորոշեն մի շարք կազմակերպական հարցեր:

Ըստ նախարարի՝ այսօր «Նորքում» բժիշկներն աշխատում են առավել քան ծանրաբեռնված: Նրանց աշխատանքը փոքր-ինչ թեթեւացնելու համար որոշ պացիենտներ տեղափոխվել են ուրիշ բժշկական կենտրոններ: Հիվանդանոցին կից կառուցվում է նաեւ մոդուլային ընդունարան, որը նույնպես պետք է թեթեւացնի մասնագետների աշխատանքը:

Դրանից բացի, նախատեսվում է կազմակերպել ընդհանուր պրակտիկայի բժիշկների վերապատրաստման հատուկ դասընթացներ, որ նրանք նույնպես կարողանան պրոֆեսիոնալ ինֆեկցիոնիստների հսկողությամբ զբաղվել կորոնավիրուսով պացիենտների բուժմամբ:



© NEWS.am Medicine