Կորոնավիրուսով վարակված կինը պատմել է հիվանդության ժամանակ զգացողությունների մասին

13:14   20 մարտի, 2020

ԱՄՆ Օհայո նահանգից 48-ամյա Էմի Դրիսկոլը, որը վարակվել է կորոնավիրուսով, պատմել է հիվանդության ժամանակ զգացողությունների եւ հիվանդության ընթացքի մասին:

Fox News-ի հաղորդմամբ՝ ամերիկուհու մոտ առաջին ախտանիշները հայտնվել են մեկ շաբաթ առաջ: Այդ օրը նա աշխատանքի վայրում է եղել, նրա ջերմությունը բարձրացել է, չոր հազ եւ կրծքավանդակի հատվածում ցավ է սկսվել: Հաջորդ օրը կինն արթնացել է ուժեղ սրտխփոցով:

«Կրծքավանդակի հատվածում սուր ցավեր ունեի, տպավորություն էր, թե կարծես այն սեղմում են: Հիվանդության սկզբում ես զբաղվում էի իմ գործերով, սակայն 10 ժամ անց իսկապես ինքնազգացողությունս վատացավ, սկսեցի դժվար շնչել»,- պատմել է կինը:

Ավելի ուշ Էմիի մոտ Կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն նա բուժվել է տանը: Մի քանի օր անց հազը անցել է, ջերմությունը եւս: Սակայն մինչ այժմ կինը բողոքում է գլխացավից եւ թուլությունից:

«Դժվարությամբ եմ բարձրանում եւ իջնում աստիճաններով»,- պատմել է Դրիսկոլը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 10 047 մարդ, վարակման հաստատված դեպքերի թիվը հասնում է 245 881-ի, ապաքինվել է 88 465 մարդ:

Վարակման կանխարգելման համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ավելի քան 1 մետր տարածություն պահպանել վարակվածների հետ շփվելիս, հաճախ լվանալ ձեռքերը կամ ախտահանել սպիրտ պարունակող միջոցներով եւ չդիպչել քթին, բերանին եւ աչքերին:   



© NEWS.am Medicine