Ե՞րբ կարելի է սպասել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջին արդյունքները

19:17   20 մարտի, 2020

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման առաջին արդյունքները կարելի սպասել արդեն առաջիկա մի քանի շաբաթում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարում գիտական մշակումների ակտիվացումը, քանի որ դրանք բոլորն ուղղված են մարդկանց կյանքերի փրկությանը եւ հատկապես կարեւոր են առողջապահության թույլ համակարգերով առավել խոցելի երկրների համար: Ներկայումս ԱՀԿ-ն ստացել է 40 ախտորոշիչ թեստերի քննարկման եւ հաստատման հայտեր, 20 պատվաստանյութ մշակման փուլում է»,- ասել է նա՝ հավելելով, որ մեծ թվով դեղեր հիմա կլինիկական փորձարկումներ են անցնում:

Վույնովիչի խոսքով՝ ներկայումս ԱՀԿ-ն սերտորեն համագործակցում է տարբեր երկրների եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Համաշխարհային բանկն է, որ ապահովի պատվաստանյութի մշակման մեջ ներդրումները:

«Գիտահետազոտական եւ փորձարարանախագծային աշխատանքների ոլորտում ԱՀԿ «ճանապարհային քարտեզը» սահմանում է COVID-19-ի համար հետազոտությունների առաջնահերթությունները առանցքային 9 ոլորտներում՝ վիրուսի պատմություն, համաճարակաբանություն, պատվաստանյութեր, ախտորոշում, թերապիա, կլինիկական վարում, էթիկական պատկերացումներ, սոցիալական գիտություններ եւ շատ այլ բաներ»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ըստ վերջին տեղեկությունների՝ աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 10 047-ի: Վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 245 881-ի, առողջացածների թիվը՝ 88 465-ի:

Հիշեցնենք նաեւ, որ կորոնավիրուսի դեմ որոշ պատվաստանյութեր արդեն թեստավորվում են. այսպես՝ ԱՄՆ-ում սկսել են թեստավորել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից մեկը: Հետազոտությունն իրականացնում է Kaiser Permanente Washington Research Institute-ը: Պատվաստանյութի առաջին դեղաչափը ներարկվել է Սիեթլից 43-ամյա Ջենիֆեր Հելերին, ում կանչել են մասնակցելու պատվաստանյութի թեստավորմանը:

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպը սկսել են փորձարկել կենդանիների վրա:



© NEWS.am Medicine