Գերմանացի գիտնականները հայտնել են նոր կորոնավիրուսի դեպքում ռիսկի խմբի պացիենտների տարիքը

14:55   23 մարտի, 2020

Ռոբերտ Կոխի գերմանական ինստիտուտի գիտնականները հայտնել են COVID-19 նոր կորոնավիրուսի դեպքում «ռիսկի խմբի» պացիենտների տարիքը, ինչպես նաեւ թվարկել են հիմնական ախտանիշները:

«Ի՞նչ գիտենք հիվանդների միջին տարիքի մասին: Վիրուսով վարակված անձանց միջին տարիքը կազմում է 45: Մահացածների միջին տարիքը՝ 82: Հիվանդացածների 57 տոկոսը տղամարդ է... Հիմնական ախտանիշներն են՝ 55 տոկոսի մոտ նկատվում է հազ, 40 տոկոսի մոտ՝ ջերմություն»,- Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է Կոխի ինստիտուտի ղեկավար Լոտար Վիլանդը:

Նա հավելել է, որ վիրուսով հիվանդացածների եւ դրա հետեւանքով մահացածների վերաբերյալ պաշտոնական վիճակագրական թվերն ամբողջական չեն, քանի որ «բոլոր դաշնային հողերի ոչ բոլոր գերատեսչություններից են տեղեկություններ ստացվել»:

Նշենք, որ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 22 672-ի, մահացել է ընդհանուր առմամբ 86 մարդ: Սա ավելի քան 4 հազար պացիենտով ավելի է, քան գրանցվել էր կիրակի: Իսկ worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ Գերմանիայում այս պահին կա վիրուսով վարակված 24 873 պացիենտ եւ մահվան 94 դեպք:



© NEWS.am Medicine