Որքա՞ն պետք է քնել առողջությունը պահպանելու համար

11:05   24 մարտի, 2020

Գլխուղեղի եւ սրտի կաթվածի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է գիշերը քնել 7-8 ժամ: Այսպիսի կարծիք են հայտնել Աթենքի համալսարանի (Հունաստան) մասնագետները:

Նշված գիտնականները ուսումնասիրել են 40-98 տարեկան ավելի քան 1500 մարդու գիշերային քնի տեւողությունը: Նրանցից ոմանք ունեին անոթների եւ սրտի հիվանդություններ կամ առկա էին համապատասխան հիվանդությունների ռիսկի գործոններ:

Այս մարդկանց բաժանել են 4 խմբի՝ քնի նորմալ տեւողությամբ (գիշերը 7-8 ժամ) մարդիկ, գիշերները քիչ քնողներ (6-7 ժամ), գիշերները շատ քիչ քնողներ (6 ժամից պակաս) եւ գիշերները անչափ շատ քնողներ (8 ժամից ավելի): Գիտնականներն ուսումնասիրել են նաեւ կամավորների անոթների պատերի հաստությունը՝ աթերոսկլերոզի զարգացման աստիճանը գնահատելու համար:

Ստացված բոլոր տվյալները վերլուծելով՝ նրանք կապ են հայտնաբերել գիշերային քնի տեւողության եւ սիրտ-անոթային հիվանդությունների միջեւ: «Նորմալ» խմբի համեմատությամբ՝ նրանց շրջանում, ովքեր կանոնավոր կերպով գիշերը քնել են 6 ժամից պակաս կամ 8 ժամից ավելի, քներակի պատերի հաստացման, դրա առաձգականության նվազման եւ աթերոսկլերոզային վահանիկների առաջացման հավանականությունը մեծ էր համապատասխանաբար 54 եւ 39 տոկոսով:



© NEWS.am Medicine