Հայաստանում գործարկվում է հավելված, որը կօգնի հասկանալ՝ դուք կարո՞ղ եք վարակված լինել կորոնավիրուսով

20:38   24 մարտի, 2020

Հայաստանում նոր գործիքներ են կիրառվելու՝ կորոնավիրուսի դեմ պայքարի էֆֆեկտիվությունը բարձրացնելու համար։ Դրանցից մեկը հեռախոսային հավելված է, որը կարելի է ներբեռնել հետեւյալ հղումով՝ https://ac19.am/։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը։

Այս պահի դրությամբ հավելվածը հնարավոր է ներբեռնել Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոսների համար։ Հավելվածի ամենակարեւոր ֆունկցիան հարցաշարն է, որը կտա ճշգրիտ տեղեկատվություն քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ եւ կօգնի պարզել, արդյոք նա կարող է վարակված լինել կորոնավիրուսով։

Պարետի խոսքով, շատ կարեւոր է, որ հավելվածում տրված հարցերի պատասխանները լինեն հնարավորինս ճշգրիտ, որպեսզի համաճարակաբանները, վերլուծելով դրանք, հասկանան, արդյոք որեւէ միջոց պետք է ձեռնարկել թե ոչ։ Եթե կարիք լինի, համաճարակաբանները քաղաքացու հետ կապ կհաստատեն։

Մոտ 2-3 օրից հավելվածը հասանելի կլինի նաեւ iOS համակարգով աշխատող հեռախոսների համար։ Հարցաշարը կարելի է լրացնել նաեւ առցանց՝ https://ac19.am/ հասցեով։



© NEWS.am Medicine