Կորոնավիրուսով վարակված աղջիկը հայտնել է իր ախտանիշների մասին․ Daily Mail

14:54   25 մարտի, 2020

Նյու Յորքից 20-ամյա Ջուլյա Բուսկալյան կորոնավիրուսով է վարակվել, երբ ընթացիկ տարվա հունվարին Ֆլորենցիա էրս գնացել:

Ինչպես հայտնում է Daily Mail պարբերականը, մարտի սկզբին աղջիկը վերադարձել է ԱՄՆ եւ COVID-19-ի անալիզ հանձնել: Թեստի արդյունքը դրական էր:

Վատ ինքնազգացողությունը սկսվել է դեռեւս Իտալիայում:

«Փետրվարի 29-ին ես արթնացա հոգեվարքի մեջ: Գլուխս պայթում էր, ականջներիս մեջ պուլսացիա էր, իսկ կոկորդի մեջ ասես կրակ վառվեր: Մարմինս կոտրվում էր եւ սարսռում: Ես հակաբորբոքային դեղ խմեցի եւ մինչեւ երեկո անկողնուց դուրս չեկա»,- պատմել է նա:

Հաջորդ օրը նա իրեն ավելի լավ է զգացել, բայց որոշել է, համենայնդեպս, բժիշկ կանչել, որը նրան զննելով՝ ասել է, որ նրա մոտ ուղղակի մրսածություն է: Նա, սակայն, շուտով սկսել է ձախ ականջով վատ լսել, բայց որոշել է, որ ամեն ինչի պատճառը գերհոգնածությունն է: Նրա մոտ հազ չկար:

Մարտի 3-ին աղջիկը սկսել է վատ լսել եւ դադարել է տարբերակել համերն ու հոտերը:

«Ինձ մոտ նախկինի պես հազ չկար, բայց ամբողջ օրը գլուխս պայթում էր»,- հիշում է նա:

Մարտի 5-ին նա վերադարձել է հայրենիք եւ 8 օր անցկացրել է տանը ինքնամեկուսացման մեջ:

«Ես շփվել եմ միայն 2 մարդու հետ: Ինձ մոտ դեռեւս տարածված ախտանիշներ չկային, որոնց մասին զգուշացնում էին լուրերում: Ինձ մոտ հայտնվեց թաց հազ, իսկ լսողությունը, համը եւ հոտառությունը վերականգնվեցին»,- ասել է նա:

Մարտի 14-ին Ջուլյան անցել է կորոնավիրուսի ախտորոշման թեստ եւ իմացել, որ վարակված է:

«Ինձ մոտ դեռեւս չկային ախտանիշներ, որոնց մասին բոլորը ասում էին: Թեթեւ հազ, բայց ոչինչ ավելի,- շեշտել է նա: - Ես այս մասին ձեզ պատմում եմ, որ նախազգուշացնեմ՝ ախտանիշները, որոնց մասին շրջապատում բոլորը պնդում են, ամենեւին ԲՈԼՈՐ ախտանիշները չեն: Ձեզ մոտ կարող է եւ չլինեն այդ բոլոր ախտանիշները, բայց դուք, միեւնույն է, կարող եք հիվանդ լինել»:

Ջուլյայի խոսքով՝ իր տարիքի երիտասարդները կարող են չզգալ COVID-19 հիվանդության տարածված ախտանիշները:

Ջուլյան հիմա արդեն առողջացել է, եւ իր խոսքով՝ իրեն լավ է զգում: Նա մնացյալ բոլորին կոչ է անում լրջորեն վերաբերվել կորոնավիրուսի խնդրին եւ տանը մնալ՝ մյուս մարդկանց հետ շփումները սահմանափակելով:

«Ես գիտեմ, որ իմ տարեկիցները ծիծաղում են եւ ուրախանում, որ իրենց մոտ այդ ինֆեկցիան չկա: Բայց սա կատակ չէ: Խնդրում եմ, չեղյալ համարեք ձեր բոլոր ուղեւորությունները: Տանը մնացեք: Պահպանեք ձեզ: Շրջապատողների հետ շփումները սահմանափակեք,- ասել է նա: - Խնդրում եմ, մի՛ մոռացեք՝ եթե ձեզ մոտ ախտանիշներ չկան, դա դեռ չի նշանակում, որ դուք վարակված չեք»:



© NEWS.am Medicine