Ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար կորոնավիրուսը կարող է հատկապես վտանգավոր լինել․ icnarc.org

22:17   25 մարտի, 2020

Ավելորդ քաշը եւ ճարպակալումը կարող են կորոնավիրուսային COVID-19 վարակի ծանր ընթացքի ռիսկի անկախ գործոն լինել։ Այս մասին ասում են Ինտենսիվ թերապիայի բրիտանական հետազոտական կենտրոնի մասնագետները։

Ներկայում մորբիդային ճարպակալումը (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 40-ից բարձր է) արդեն համարվում է COVID-19-ի ծանր տեսակի զարգացման ռիսկի գործոն։ Ճիշտ է, ռիսկի այն աստիճանի մասին, որին ենթարկվում են թեթեւ ճարպակալում կամ պարզապես ավելորդ քաշ ունեցող մարդիկ, ընթացիկ ուղեցույցներում չի ասվում։ Ներկայում շատ մասնագետների ուշադրությունը սեւեռված է տարեց մարդկանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների խնդիրներին՝ որպես ռիսկի հիմնական խմբեր։

Ռեանիմատոլոգները վերլուծել են COVID-19 ունեցող առաջին 196 պացիենտների բուժման տվյալները։ Նրանք հայտնվել են Մեծ Բրիտանիայի հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։ Հիվանդության ծանր տեսակը զարգացել է պացիենտներից 63-ի մոտ։

Զեկույցի մեջ ընդգրկված 56 պացիենտների մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) 25-30 է եղել, այսինքն նրանք ավելորդ քաշ են ունեցել։ 58 մարդու ՄԶԻ-ն 30-40 է եղել (ճարպակալում), 13-ի մոտ այն գերազանցել է 40-ը (ծանր ճարպակալում)։

Մասնագետները նաեւ ուշադրություն են դարձրել, որ իրենց պացիենտների 1/3-ից քիչ ավելին է 60-ից բարձր տարիք ունեցել։ Սա վկայում է այն մասին, որ ոչ միայն տարեց մարդիկ են գտնվում ռիսկի խմբում։ Հետազոտության մեջ նաեւ նշվում է, որ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում ավելի շատ տղամարդիկ են եղել, քան կանայք։ Պացիենտների մեծ մասը ծանր հարակից հիվանդություններ է ունեցել։



© NEWS.am Medicine