Հայաստանում ինչպիսի՞ դեղեր են կիրառում կորոնավիրուսով պացիենտների բուժման համար

17:08   26 մարտի, 2020

Հայաստանի հիվանդանոցներում կա հիդրոկսիքլորոխին, որով արդեն 3 օր է բուժում են կորոնավիրուսով պացիենտներին: Մինչ այդ կիրառում էին նույնպես երկու հակավիրուսային դեղամիջոցների համակցություն՝ նախատեսված ՄԻԱՎ վարակի բուժման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բժիշկները դեռեւս սեփական տվյալներ չունեն այս կամ այն դեղերով կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման արդյունավետության մասին, ուստի բուժման մեթոդներ ընտրելիս հիմնվում են Իտալիայի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի գործընկերների տվյալների վրա:

Նախնական որոշմամբ՝ թոքաբորբով հիվանդներին, ինչպես նաեւ նրանց, ում մոտ առայժմ թոքաբորբ չկա, բայց որոնք քրոնիկական հիվանդությունների պատճառով ռիսկի խմբում են, տալու են ազիտրոմիցինի համակցությամբ հիդրոկսիքլորոխին:

Նշենք, որ հիդրոկսիքլորոխինը հակամալարիային դեղամիջոց է, որը, որոշ տեղեկություններով, կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսային ինֆեկցիայի դեպքում:



© NEWS.am Medicine