Կորոնավիրուսով վարակվածներն արդեն վարակիչ են ախտանիշների հայտնվելուց 2 օր առաջ. Դեվիդ Նաբարո

15:32   28 մարտի, 2020

Կորոնավիրուսով վարակվածներն վարակիչ են արդեն հիվանդության առաջին ախտանիշների հայտնվելուց 2 օր առաջ եւ ախտանիշների հայտնվելուց հետո մի քանի օր: «COVID-19. համընդհանուր վախին հակառակ» առցանց քննարկման ժամանակ այս մասին ասել է COVID-19-ի հարցերով ԱՀԿ-ի հատուկ բանագնաց Դեվիդ Նաբարոն:

Նրա խոսքով` կորոնավիրուսով վարակված հիվանդների մեծ մասի մոտ վարակվելուց հետո առաջին ախտանիշներն են մի քանի օր տեւող վատ ինքնազգացողությունը, հոտերի եւ համերի ճանաչման հետ կապված խնդիրները: Այնուհետեւ հայտնվում է հազը, նեղվածությունը կրծքավանդակի հատվածում, դժվարացած շնչառությունը:

Դեվիդ Նաբարոն հիշեցրել է, որ այս վիրուսը դեռ նոր է, եւ դրա մասին քիչ բան է հայտնի, իսկ դրա հետ կապված կիրառել այլ վիրուսների վերաբերյալ տվյալները ճիշտ չէ: Մասնավորապես, հայտնի չէ` արդյոք այդ հիվանդությունը տարած մարդկանց մոտ իմունիտետ է զարգանում հիվանդության նկատմամբ, թե ոչ: Բացի այդ, դեռ քիչ տվյալներ կան այն մասին, թե ինչպես են երիտասարդները տանում հիվանդությունը:

Վերջերս նախնական տվյալներ են հայտնվում այն մասին, որ Իտալիայում, օրինակ, ինտենսիվ թերապիայի բաժանմունքում երիտասարդներն ավելի շատ են, քան այլ երկրներում: Բացի այդ, դեռ պարզ չէ, թե ինչպես կազմակերպել կորոնավիրուսային վարակի բուժումը եւ որ դեղերն են իսկապես արդյունավետ:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 600 000-ին: worldometers.info/coronavirus/-ի համաձայն` մարտի 28-ի ժամը 11:35-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 598.032 եւ դրա հետեւանքով մահվան 27.371 դեպք: Առողջացել է 133 391 հիվանդ:



© NEWS.am Medicine