Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը լոգիստիկ խնդիրների է բախվում. ՀՀ առողջապահության նախարար

16:19   28 մարտի, 2020

ՀՀ կառավարությունն աշխատում է առողջապահության համակարգում մասնաճյուղ ստեղծելու ուղղությամբ, որը կզբաղվի միայն կորոնավիրուսի դեմ պայքարով: Այս մասին COVID-19. Մարտահրավեր համընդհանուր վախին» առցանց կոնֆերանսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ Հայաստանի, ինչպես եւ մյուս երկրների առջեւ ծառացած հիմնական խնդիրը պաշտպանության անհատական միջոցների բացակայությունն է: «Մենք փորձում ենք ճեղքել վարակվածության շրջանը, բայց եթե բժիշկներն ու բուժքույրերը վարակվեն, նրանք հիվանդությունը կտարածեն հիվանդանոցներում, եւ դա նույնիսկ ավելի կարեւոր է, քան ԹԱՇ սարքերի թիվը վերակենդանացման բաժանմունքներում»,- ասել է նա:

Թորոսյանն ընդգծել է, որ Հայաստանը, բնականաբար, բախվում է լոգիստիկ խնդիրների, քանի որ թռիչքների մեծ մասը դադարեցվել է, իսկ ցամաքային սահմանները փակ են: «Մենք մոբիլիզացնում ենք չարտերային չվերթները` բեռների տեղափոխման եւ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,- հավելել է նա:

Խոսելով թեստերի մասին` Թորոսյանը շեշտել է, որ հայ փորձագետները ընտրել են ՊՇՌ թեստերը, քանի որ դրանք ավելի արդյունավետ են: «Մենք փորձում ենք խուսափել ռապիդ թեստերից»,- հավելել է նա:

Առողջապահության նախարարը շեշտել է միջազգային գործընկերների, հատկապես Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաեւ հարևան երկրների հետ աշխատանքի կարեւորությունը:

«Մեզ օգնում է նաեւ հայկական սփյուռքը, հիմնականում` ԱՄՆ-ից: Չնայած մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ն վիրուսի բռնկման կենտրոններից մեկն է, պետությունների միջեւ աջակցությունը կարող է օգնել Հայաստանի նման երկրներին դիմակայել այդ մարտահրավերներին»,- եզրափակել է նա:



© NEWS.am Medicine