Նուբար Աֆեյանի ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկվում է 45 առողջ մարդու վրա

16:39   28 մարտի, 2020

Հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը, արդեն 2 շաբաթ է անցնում է հետազոտության առաջին փուլը: Այս մասին Նուբար Աֆեյանը պատմել է «COVID-19. համընդհանուր վախին հակառակ» առցանց քննարկման ժամանակ:

Ըստ նրա` փորձնական պատվաստանյութն այժմ փորձարկվում է 45 առողջ կամավորի վրա, որոնք բաժանվել են 3 խմբի. յուրաքանչյուր խումբ պատվաստանյութի տարբեր չափաբաժիններ է ստանում` պարզելու համար, թե որ դեղաչափն է առավել արդյունավետ եւ անվտանգ:

Առջեւում թեստավորման երկրորդ փուլն է, որից հետո, եթե ամեն ինչ նորմալ լինի, ամառվա վերջ կամ աշնան սկիզբ հնարավոր կլինի ավելի մասշտաբային հետազոտություն սկսել: Իսկ մինչ այդ այս ամենը գզալի ներդրումներ է պահանջում, նշել է Նուբար Աֆեյանը:

Նա նաեւ հավելել է, որ Moderna Therapeutics-ը շուրջ 2 տարի աշխատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ. նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման սկիզբում նրանք արդեն MERS-ի դեմ փորձնական պատվաստանյութ ունեին, որի հարուցիչը եւս կորոնավիրուսն է:

Հիշեցնենք, որ Moderna Therapeutics Բոստոնի կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները պատվաստանյութ են մշակել նոր կորոնավիրուսի դեմ: mRNA-1273 փորձնական պատվաստանյութը մշակվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի գիտնականները վերծանեցին եւ հրապարակեցին վիրուսի գենետիկական կոդը: Պատվաստանյութի մշակմանը մասնակցել է ավելի քան 100 մասնագետ:



© NEWS.am Medicine