Արյուն վերցնելու հեռավար տեխնոլոգիաները կարող են ծայրահեղ օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում

17:38   28 մարտի, 2020

Արդիական տեխնոլոգիաները կարող են օգնել մարդկությանը կորոնավիրուսի դեմ պայքարում։ Օրինակ, արյուն վերցնելու հեռավար տեխնոլոգիաները կարող են օգնել կազմակերպել մեծ թվով մարդկանց թեսթավորումը։ Այս մասին «COVID-19․ ի հեճուկս համընդհանուր վախի» առցանց քննարկման ժամանակ ասաց հայտնի գործարար Նուբար Աֆեյանը։

Ըստ նրա՝ խոսքը մի սարքի մասին է, որը մարդուն կարող են ուղարկել փոստով, եւ նա ստանալով՝ կմիացնի այն ձեռքին։ Սարքն ինքը անհրաժեշտ քանակի արյուն կվերցնի, որից հետո մարդը այն ծրարով մասնագետներին կուղարկի։

Աֆեյանի խոսքերով՝ Seventh Sense Biosystems ընկերությունը այդ սարքը ստեղծել է մի շարք այլ սարքերի հետ միասին, եւ այժմ դրանց մասնագետները հետաձգել են մյուս բոլոր նախագծերը, որպեսզի սա ավարտին հասցնեն։

Նման տեխնոլոգիաները կպահանջվեն շատ շուտով, երբ անհրաժեշտ լինի կորոնավիրուսի համար թեսթավորել միլիոնավոր մարդկանց, սակայն նրանց անհնար կլինի հիվանդանոցներ կանչել անալիզի համար։

Հիշեցնենք, որ Բոստոնի Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստեղծել։ Փորձնական mRNA-1273 պատվաստանյութը մշակվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի գիտնականները գաղտնազերծել եւ հրապարակել էին վիրուսի գենետիկակա կոդը։ Պատվաստանյութի ստեղծման վրա ավելի քան 100 մասնագետներ են աշխատել։

Փորձնական պատվաստանյութն արդեն 2 շաբաթ է հետազոտությունների առաջին փուլն է անցնում եւ թեսթավորվում է 45 առողջ կամավորների վրա։



© NEWS.am Medicine