Կորոնավիրուսը հավասարապես վտանգավոր է բոլոր տարիքի մարդկանց համար․ ԱՀԿ

20:42   28 մարտի, 2020

Կորոնավիրուսը վտանգավոր է բոլոր տարիքի մարդկանց համար։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կենտրոնի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«Կորոնավիրուսային ինֆեկցիան տարիք չի ճանաչում։ Մահացություն եւ վարակում, ցավոք, կա նաեւ երիտասարդների մոտ։ Առաջին խոցելիությունը հարակից հիվանդություններն են»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ երիտասարդները շատ ավելի քիչ են վարակվում, քան տարեց մարդիկ, «սակայն, միեւնույն է, բոլորին պետք է պաշտպանել»։ Ֆրանսիայում, օրինակ, հենց հիմա կորոնավիրուսի պատճառով վերակենդանացման բաժանմունքում մինչեւ 20 տարեկան 12 երիտասարդ կա։

Հիշեցնենք, որ վերջերս փարիզյան «Նեկեր» հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել էր 16-ամյա Ժյուլի Ա․-ն, որը չուներ ոչ մի քրոնիկ հիվանդություն եւ առողջության հետ կապված այլ խնդիրներ։

Ֆրանսիայի առողջապահության փոխնախարար Ժերոմ Սալոմոնը, մեկնաբանելով այդ դեպքը, ասել էր, թե աշակերտուհին կորոնավիրուսային վարակի ծանր տեսակի զոհ է դարձել, որը ծայրահեղ հազվադեպ է լինում երիտասարդների մոտ։



© NEWS.am Medicine