Գիտնականները հետազոտել են կորոնավիրուսի 8 շտամ

12:20   30 մարտի, 2020

Ամերիկացի գիտնականները հետազոտել են COVID-19 հիվանդություն առաջացնող նոր կորոնավիրուսի 8 շտամ: Պարզվել է, որ այս շտամների միջեւ նվազագույն տարբերություններ կան, հայտնում է Daily Mail-ը:

«Վիրուսն այնքան դանդաղ է մուտացիայի ենթարկվում, որ շտամներն իրար անչափ նման են»,- ասել է Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Չարլզ Չիուն:

Գիտնականների տվյալներով՝ նոր կորոնավիրուսը 8–10 անգամ ավելի դանդաղ է մուտացիայի ենթարկվում, քան գրիպի վիրուսները: Սա նշանակում է, որ նրա տարբեր ենթատեսակները գործնակում միատեսակ ախտանիշներ են առաջացնում, մահացության մակարդակով էլ տարբերություններ փաստացի չկան:

Հետազոտողները միեւնույն ժամանակ պարզաբանում են, որ եթե պացիենտի մոտ COVID-19-ը թեթեւ ձեւով է ընթանում կամ նույնիսկ առանց ախտանիշների, դա ամենեւին չի նշանակում, որ նա վարակված է կորոնավիրուսի «թեթեւ շտամով», քանի որ հիվանդության ընթացքը, մասնագետների խոսքով, կապված է առանձին պացիենտի իմունային համակարգի եւ նրա առողջական ընդհանուր վիճակի հետ, այլ ոչ ամենեւին  շտամի հետ, որով նա վարակված է:

Պրոֆեսոր Չիուն կորոնավիրուսի գենոմները սեքվենիրացրել է, եւ դրանց միայն 20 տոկոսն է եղել տեղական ծագման, մնացյալը կապված էին Կալիֆոռնիայի սահմաններից դուրս ուղեւորությունների հետ:

Փորձագետների խոսքով՝ նոր կորոնավիրուսի մուտացիայի դանդաղ պրոցեսը հույս է տալիս, որ պատվաստանյութը, երբ այն վերջապես մշակվի, կօգնի կորոնավիրուսից պաշտպանություն ապահովել «տարիներով կամ նույնիսկ տասնամյակներով»:



© NEWS.am Medicine