Իսպանիայում COVID-19-ի դեմ պայքարի պատասխանատու Ֆերնանդո Սիմոնը կորոնավիրուսով է վարակվել

17:24   30 մարտի, 2020

Իսպանացի հայտնի համաճարակաբան, Իսպանիայի առողջապահության նախարարության բժշկական նախազգուշացումների եւ արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը կորոնավիրուսով է վարակվել: Հենց նա էր պատասխանատու Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար:

Առողջապահության, սոցծառայությունների եւ հավասարության նախարարության ներկայացուցիչ Մարիա Խոսե Սիերան հայտնել է, որ Ֆերնանդո Սիմոնը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները դրական են եղել:

Նրա խոսքով՝ երկրում խիստ սահմանափակումների ներդրումը արդեն արդյունքներ է տալիս. մինչեւ մարտի 25-ը վարակման նոր դեպքերի աճը կազմել է 20 տոկոս, իսկ հիմա օրական՝ 12 տոկոս:

Հիշեցնենք, որ մարտըի 30-ի դրությամբ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 85 195 դեպք. սա արդեն ավելի շատ է, քան Չինաստանում: Իսկ զոհերի թիվը հասել է 7340-ի. աշխարհում երկրորդ տեղն է Իտալիայից հետո:

Հիշեցնենք նաեւ, որ հիմա Իսպանիայում գործում է արտակարգ դրություն. երկրի բնակիչները կարող են տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ մթերքներ, դեղեր գնելու, հիվանդանոց հասնելու համար: Կառավարությունը որոշել է դադարեցնել կենսական անհրաժեշտության հետ չկապված ամբողջ գործունեությունը:



© NEWS.am Medicine