Թոքերը սկսել են տարօրինակ ձայներ հանել․ Կորոնավիրուսով վարակված մոդելը պատմել է իր ախտանիշների մասին

20:52   30 մարտի, 2020

Փարիզից 30-ամյա մոդել Ինտան Կլեմենտը վարակվել է կորոնավիրուսով եւ պատմել իր ախտանիշների մասին։ Նրա խոսքերով՝ իր թոքերը շնչելիս սկսել են տարօրինակ ձայներ հանել։

Daily Star-ը պատմում է, որ առաջինը վարակվել է Ինտանի զուգընկերը, եւ կինը ենթադրել է, թե նա պարզապես մրսել է, քանի որ ոչ մի ուրիշ ախտանիշ նա չի ունեցել։

Մեկ օր առաջ այն բանից, երբ Ֆրանսիայում ազգային կարանտին են հայտարարել, Կլեմենտը ընկերների հետ գնացել է Վալուար կոմունայում դահուկ քշելու։ Սահելու ժամանակ նա հանկարծ տարօրինակ թուլություն է զգացել եւ սկսել է դժվար շնչել։ Նա ենթադրել է, որ ինքը լավ մարզավիճակում չէ, քանի որ 10 տարի դահուկով չի սահել։

Հաջորդ օրը Կլեմենտը ընկերների հետ վերադարձել է Փարիզ։ Քանի որ գնացքի տոմսեր չեն եղել, նրանք ավտոմեքենայով են վերադարձել։ Ճանապարհին Կլեմենտի շնչառությունը դժվարացել է, նա սկսել է անընդհատ հազալ։

Ավելի ուշ նա նկատել է, որ իր թոքերը շնչելիս տարօրինակ ձայներ են հանում եւ տեսակապով կապվել է բժշկի հետ։ Բժիշկը ենթադրել է, որ նա մրսել է, եւ խորհուրդ է տվել պարացետամոլ ընդունել։

Մարտի 20-ին կլեմենտը, այնուամենայնիվ, որոշել է բժշկի մոտ գնալ։ Ինչպես պարզվել է, նա վարակվել է կորոնավիրուսով։ Այն ժամանակվանից նա հիվանդանոցում է եղել, առանձին հիվանդասենյակում, ուր ոչ մեկին թույլ չեն տալիս այցելել։

Կլեմենտի խոսքերով՝ ինքը վարակը լուրջ չի ընդունել եւ երբեք չի մտածել, որ կարող է վարակվել։ Այժմ նա բոլորին, անկախ տարիքից, խորհուրդ է տալիս չանտեսել անվտանգության միջոցառումները։



© NEWS.am Medicine