Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված հայ ընտանիքը տանն է բուժվում. Հիվանդանոցները լեփ-լեցուն են

14:27   31 մարտի, 2020

Ֆրանսիայում բնակվող հայ ընտանիքի 4 անդամները կորոնավիրուսայնին ինֆեկցիայով են հիվանդ: Նրանցից 3-ը բարձր ջերմություն ունեն, սակայն նրանք տանն են բուժվում, քանի որ մոտակա հիվանդանոցները լեփ-լեցուն են:

Դավիթը (անունը նրա խնդրանքով փոխվել է) NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանից Ֆրանսիա իր ընտանիքի մոտ է գնացել Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր առաջ: Մեկնելուց առաջ իրեն լավ է զգացել, սակայն մի քանի օր հետո արդեն Ֆրանսիայում նրա ջերմությունը բարձրացել է, հազ է սկսվել: Շուտով նույնպիսի ախտանիշներ են հայտնվել նրա 3 ազգականների մոտ:

Դավիթը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, օդանավակայանում է վարակվել, չնայած գրեթե ամբողջ ժամանակ եղել է դիմակով եւ ձեռնոցներով: Հնարավոր է, որ նա վարակվել է, երբ դիմակը հանել է ուտելու կամ ջուր խմելու համար: Այս ենթադրության օգտին է վկայում այն փաստը, որ Դավիթի Հայաստանում մնացած ազգականներն առողջ են:

Թե՛ Դավիթի, թե՛ Ֆրանսիայում նրա ազգականների մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա են ախտորոշել: Վիրուս չի հայտնաբերվել միայն երկու երեխաների մոտ:

Չնայած ընտանիքի 3 անդամների մոտ պարբերաբար ջերմությունը բարձրանում է, նրանք տանն են բուժվում, քանի որ քաղաքի հիվանդանոցները լեփ-լեցուն են, եւ նրանց ասել են հիվանդանոց  վերադառնալ միայն այն դեպքում, եթե որեւէ մեկը «շատ վատ» լինի: Դավիթը նշեց, որ այս պահին նրանք բոլորն իրենց նորմալ են զգում. բացի բարձրացող ջերմությունից, հիմա նրանց մոտ այլ ախտանիշներ չկան: Ամբողջ ընտանիքը տանը դիմակով է, բոլորը մշտապես լվանում են ձեռքերը եւ առավելագույն զգույշ են, որ երեխաներին կորոնավիրուսով չվարակեն:

Նշենք, որ worldometers.info/coronavirus/-ի վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 44 550 եւ մահվան 3024 դեպք:

Մարտի 30-ի տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով հոսպիտալացված է ավելի քան 21 հազար մարդ, 5107-ը վերակենդանացման բաժանմունքներում են: Առողջապահության նախարարության Առողջապահության գլխավոր վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը պնդում է, որ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող 5107 մարդուց 34 տոկոսը 60 տարեկանից փոքր է, 59 տոկոսը 60-ից 80 տարեկան է եւ 64 պացիենտ 30 տարեկանից փոքր է:



© NEWS.am Medicine