ԱՄՆ-ում ուսանողը մահացել է կորոնավիրուսից․ բժիշկները մի քանի անգամ հրաժարվել են նրան թեսթավորել․ detroitnews.com

23:34   1 ապրիլի, 2020

25-ամյա Բեսի Օֆիոնգը, որը սովորում էր ինստիտուտի վերջին կուրսում՝ ինժեներ-քիմիկոս մասնագիտությամբ, մահացել է կորոնավիրուսային վարակից այն բանից հետո, երբ բժիշկները մի քանի անգամ հրաժարվել են նրան թեսթավորել։ Այս մասին հայտնում է The Detroit News տեղական թերթը։

Նրա քույր Ասարին պատմել է, որ Բեսին բողոքում էր բարձր ջերմությունից, հոգնածությունից եւ շնչարգելությունից։ Նա խնդրել է եղբորը կորոնավիրուսի թեսթ անցնել, սակայն Բեսին ասել է, թե բժիշկներն արդեն մի քանի անգամ մերժել են իրեն զննել։

Մի անգամ, երբ Բեսին կլինիկա է դիմել, նրա մոտ բրոնխիտ են ախտորոշել։ Սակայն երբ երիտասարդի վիճակը վատացել է, նրան հոսպիտալացրել են, եւ այդ ժամանակ վերջապես հայտնաբերել են կորոնավիրուսը։ Կյանքի վերջին շաբաթը նա վերակենդանացման բաժանմունքում է անցկացրել՝ արհեստական շնչառության սարքին միացված։ Մարտի 28-ին Բեսին մահացել է։



© NEWS.am Medicine