Վրաստանում համաճարակի բարձրակետը կլինի 2-3 շաբաթ հետո. Ցերցվաձե

10:47   2 ապրիլի, 2020

Վրաստանում համաճարակի բարձրակետը կլինի 2-3 շաբաթ հետո, որից հետո վարակման դեպքերի թիվը կսկսի նվազել: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել համաճարակաբան, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, որը ղեկավարում է կլինիկական վերահսկման խումբը, որը համակարգում է Վրաստանում բոլոր կլինիկաները, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված պացիենտները:

Ինչպես հայտնում է newsgeorgia.ge-ն, Ցերցվաձեի կանխատեսման համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով ավելի քիչ մարդ կվարակվի, քան Եվրոպայում. համաճարակի բարձրակետին կլինեն հարյուրավոր, այլ ոչ թե հազարավոր հիվանդացածներ: Սակայն չի հաջողվի մահվան դեպքերից ամբողջությամբ խուսափել:

«Իմ կանխատեսումներով՝ վարակվածների թիվը կավելանա, թվեր կհայտնվեն նաեւ մահացության տողում, որտեղ հիմա մեզ մոտ «զրո» է: Սակայն մենք առաջատար եվրոպական երկրներից տարածություն կպահպանենք, այսինքն՝ մեզ մոտ կլինի զանգվածային տարածում, բայց կհիվանդանան հարյուրավորները, այլ ոչ հազարավորները: Բարդ հարց է, թե երբ ամեն ինչ կավարտվի, եւ մենք ինչպես կհաղթահարենք, ոչ ոք չգիտի, թե կորոնավիրուսն իրեն ինչպես կպահի, քանի որ սա նոր վիրուս է»,- ասել է Ցերցվաձեն:

Նա նաեւ հայտնել է մոդելի մասին, որը Վրաստանը մտադիր է օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարում: Քանի որ ընտանեկան բժշկին այցերը կարող են նպաստել վարակի տարածմանը, երկրում ստեղծելու են բարձր ջերմությամբ պացիենտներին ընդունելու 25 կենտրոններ: Այդ կենտրոննորում աշխատելու են հատուկ պատրաստված բուժաշխատողներ:

Քաղաքացիներն իրենց մոտ կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտանիշներ հայտնաբերելու դեպքում կարող են զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ կամ 112 ծառայություն, որից հետո դրանք կվերահասցեագրեն «ջերմության կենտրոն», որտեղ կարելի է բժշկի խորհրդատվություն ստանալ:

«Այն գործընթացի դեպքում, երբ ախտանիշներով պացիենտը դիմում է իր շրջանային կամ ընտանեկան բժշկին, որը պատրաստված չէ, անհնար է ամբողջությամբ պահպանել անվտանգության միջոցները, ուստի դա կարող է նպաստել վարակի տարածմանը: Վրաստանը մոդել է ընտրել, որը, կարծում եմ, ամենաարդյունավետը կլինի»,- հայտարարել է Ցերցվաձեն:

Նա նաեւ քաղաքացիներին խորհուրդ է տվել մնալ տանը, իսկ բարձր ջերմության, հազի եւ ընդհանուր տկարության ախտանիշներ ի հայտ գալու դեպքում «զանգահարել 112, այլ ոչ թե վազել բժշկի»:

Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է արդեն 117 լաբորատոր հետազոտությամբ հաստատված դեպք: Մահվան դեպքեր չեն եղել, 23 պացիենտ առողջացել է: Կարանտինի մեջ է մոտ 5000 մարդ:



© NEWS.am Medicine