Պաշտպանություն կորոնավիրուսից. Որքա՞ն հեռավորություն պետք է պահպանվի մարդկանց միջեւ

16:49   2 ապրիլի, 2020

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար մարդկանց միջեւ առաջարկվող հեռավորությունը պետք է մեծանա: Այս մասին USA Today-ին տված հարցազրույցում ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոցենտ Լիդիա Բուրուիբան:

Մասնագետի խոսքով` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս մարդկանց միջեւ մինչեւ 2 մետր է հեռավորություն պահպանել, սակայն իրականում մարդկանց կողմից արտաշնչվող գազանման ամպը, որը վարակ է պարունակում, կարող է տարածվել մինչեւ 27 ոտնաչափ հեռավորության վրա, դա մոտ 8 մետր է:

ԱՀԿ-ն, փորձագետի համոզմամբ, հաշվի չի առնում արտաշնչվող օդի մանր ֆրակցիաների տարածումը, որոնք հազի ժամանակ դուրս են նետվում վայրկյանում մինչեւ 30 մետր արագությամբ:

Ավելին, հայտնի կտորե դիմակները, մասնագետի կարծիքով, ի վիճակի չեն պաշտպանել մարդուն օդի փոքր կաթիլներ ներշնչելուց: Այս կապակցությամբ Լիդիա Բուրուիբան կարծում է, որ ԱՀԿ-ն եւ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները պետք է վերանայեն իրենց խորհուրդները եւ մեծացնեն մարդկանց միջեւ անվտանգ հեռավորության չափն իրենց նյութերում:

Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Փոլ Փոթինգերը նշել է, որ օդակաթիլային ճանապարհով հիվանդությունների փոխանցման հարցում կարեւորագույն կետը ոչ թե հեղուկների մասնիկների տարածման հեռավորության մեջ է, այլ` դրանց չափի: Ըստ բժշկի` վիրուսի փոխանցման հիմնական վտանգը խոշոր մասնիկների մեջ, որոնք, որպես կանոն, ձգողականության պատճառով թռնում են աղբյուրից ոչ ավել, քան երկու մետր հեռավորության վրա:



© NEWS.am Medicine