«Պատասխանները կարող են լինել իմ արյան մեջ». կորոնավիրուսը հաղթած կինն արյուն է նվիրաբերում այլ հիվանդների բուժման համար

21:27   3 ապրիլի, 2020

Նյույորքցի Տիֆանի Փինքնին լավ հիշում է այդ սարսափելի զգացողությունը. նա շնչահեղձ էր լինում, հազիվ էր շնչում, երբ հիվանդ էր COVID-19-ով: Առողջանալով` նա դարձել է առաջիններից մեկը ԱՄՆ-ում, ով սկսել է իր արյունը տալ կորոնավիրուսով այլ հիվանդների բուժման համար:

«Դա հիանալի է` իմանալ, որ իմ արյան մեջ կարող են պատասխաններ լինել»,- ասել է նա The Associated Press-ին տված հարցազրույցում:

39-ամյա Տիֆանին հիվանդացել էր մարտի սկզբին: Սկզբում բարձր ջերմություն եւ դող կար, հետո նա դժվարանում էր շնչել, իսկ խորը շունչն ուժեղ ցավ էր առաջացնում կրծքավանդակի շրջանում: Այս ամենը վախեցրել էր կնոջը. նա անհանգստանում էր իր որդիների համար, որոնք 9 եւ 16 տարեկան են եւ որոնց նա միայնակ է դաստիարակում:

Կորոնավիրուսային վարակը Տիֆանիի մոտ ախտորոշվել էր Mount Sinai հիվանդանոցում: Եվ երբ առողջանալուց հետո նույն հիվանդանոցից նրա հետ կապ հաստատեցին եւ խնդրեցին արյուն նվիրաբերել ուրիշների բուժման համար, նա անմիջապես համաձայնեց` գիտակցելով, որ իր պլազման կարող է փրկել մարդկանց կյանքը:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը` կորոնավիրուսի բուժման համար ամբողջ աշխարհի բժիշկներն այսօր վերադարձել են հարյուր տարի առաջ կիրառվող բուժման մեթոդին` առողջացած մարդկանցից արյան պլազմայի փոխներարկմանը վարակվածներին: Ոչ մի ապացույց չկա, որ դա կաշխատի, բայց ԱՄՆ-ի շատ հիվանդանոցներ այժմ ընդունում են առողջացածների արյան նվիրատվությունները:

Օրինակ, New York Blood Center (NYBC)-ում սկսել են հավաքել COVID-19 կորոնավիրուսից բուժված հիվանդների պլազման, քանի որ դրանցում հակամարմիններ, որոնք կարող են օգտագործվել այլ հիվանդների բուժման համար:

Ենթադրվում է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդներին դոնորային պլազմա կներարկվի, իսկ դոնորների հակամարմինները կօգնեն ավելի արագ «մաքրել» օրգանիզմը վիրուսներից: Որոշ փորձագետներ վստահ են, որ նման բուժումը կարող է փրկել շատ ծանր հիվանդների կյանքը, համենայն դեպս` հիմա, երբ ոչ պատվաստանյութ, ոչ ապացուցված արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ դեռ չկան:



© NEWS.am Medicine