Երկրում կա ավելի քան 700 ԹԱՕ սարք, առայժմ օգտագործվել է միայն 8-ը. Վրաստանի առողջապահության նախարար

17:19   6 ապրիլի, 2020

Վրաստանում կա թոքերի արհեստական օդափոխման ավելի քան 700 սարք, սակայն դրանք առայժմ օգտագործել են միայն 8 պացիենտի համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեն:

Ինչպես փոխանցում է newsgeorgia.ge-ն, Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին, այդ ժամանակից սկսած լաբորատոր հետազոտությամբ հաստատված դեպքերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 188-ի: 36 պացիենտ առողջացել է, երկուսը մահացել: Հիմա կարանտինում է 5056 մարդ, իսկ ստացիոնար բուժում է ստանում 386-ը:

Նախարարի խոսքով՝ երկրում կան բավարար քանակությամբ ԹԱՕ սարքեր:

«188 պացիենտից 81-ի մոտ գրանցվել է երկկողմանի թոքաբորբ, նրանցից միայն 8-ն է շնչառական աջակցության կարիք ունեցել: Կլինիկաներում այս փուլում կա 6 պացիենտ, որոնք դեռեւս շնչառական օգնության կարիք ունեն: Երեքը համալսարանական կլինիկայում են, մեկը՝ Բաթումիում, մեկը՝ Գոիում եւ եւս մեկը՝ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- ասել է Թիքարաձեն:



© NEWS.am Medicine