Քթից 20 րոպե տեւողությամբ արյունահոսությունից հետո աղջիկը մոռացել է, թե ով է ինքը եւ քանի տարեկան է. The Sun

21:31   9 ապրիլի, 2020

Անգլիական Սուրեյ կոմսությունից 26-ամյա Սոֆի Քլեյթոնը քթից 20 րոպե տեւողությամբ արյունահոսությունից հետո կորցրել է երկարաժամկետ հիշողությունը. նա մոռացել է, թե ով է ինքը, քանի տարեկան է, հեռախոսի գաղտնաբառը եւ շատ այլ բաներ:

The Sun պաբերականը հայտնում է, որ անցյալ տարվա նոյեմբերին Սոֆին պատրաստվում էր գիշերային հերթափոխի գնալ, երբ քթից սկսել է արյուն գալ: Արյունահոսությունը չի դադարել 20 րոպե, եւ աղջիկը մոր հետ նստած էր խոհանոցում ու սպասում էր, թե երբ է այն կանգ առնելու: Հետո սկսել է ձախ ականջից եւս արնահոսել: Աղջկա մայրը շտապ օգնություն է կանչել, իսկ ինքը՝ Սոֆին որոշել է զանգահարել գործընկերներին՝ զգուշացնելու համար, որ իրեն վատ է զգում, սակայն չի կարողացել գաղտնաբառը հիշել:

Երբ մի քանի րոպե անց ժամանած բուժաշխատողները խնդրել են նրան ասել օրը, նա չի կարողացել: Նա նույնիսկ իր անունը չէր հիշում:

Սոֆիին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա անցկացրել է 10 օր: Տարբեր մասնագիտացման բժիշկները փորձում էին հասկանալ, թե նրա հետ ինչ է տեղի ունեցել: Երրորդ օրը նրան կատարել են լյումբալային պունկցիա՝ հնարավոր հիվանդությունների ցանկից մենինգիտը բացառելու նպատակով: Նույն օրը աղջիկը սկսել է ուշքի գալ, բայց նախկինի պես ոչինչ չի հիշել:

«Ես ոչ մեկին չէի ճանաչում եւ անգամ չէի կարողանում ասել, թե քանի տարեկան եմ,- ասել է Սոֆին: - Մայրս ամբողջ ժամանակ կողքիս էր, բայց ինձ համար նա անծանոթ կին էր: Հորս նույնպես չճանաչեցի»:

Հեռախոսի գրառումներից Սոֆին տեղեկացել է, որ Ջոնաթան անունով սիրեցյալ ունի: Երբ նա եկել է Սոֆիի մոտ հիվանդանոց, նա տղային էլ չի ճանաչել:

Արդյունքում բժիշկները Սոֆիի մոտ ախտորոշել են ֆունկցիոնալ նյարդաբանական խանգարում (FND):

Սոֆին ստիպված էր վերստին սովորել գրել, քայլել եւ անգամ մազերը սանրել: Նա հիմա շաբաթը 4 անգամ զբաղվում է վերականգնողական կենտրոնում, որտեղ փորձում են նրան ոտքի կանգնեցնել: Նա առայժմ տեղաշարժվում է հաշմասայլակով, բայց երազում է արագ սկսել քայլել եւ աշխատանքի վերադառնալ:

Սոֆիի խոսքով՝ իր հիվանդությունը վատ է ուսումնասիրված, ուստի բժիշկները չգիտեն, թե ինչ կլինի հետո՝ հիշողությունն արդյոք կվերականգնվի եւ արդյոք հավանականություն կա, որ այդ խնդիրները կկրկնվեն:



© NEWS.am Medicine