Թաիլանդում կինը կորոնավիրուսով կրկնակի վարակվել է առողջանալուց մեկ շանբաթ հետո. Thairath

17:13   9 ապրիլի, 2020

Թաիլանդում 38-ամյա կինը կորոնավիրուսային ինֆեկցիայով կրկնակի վարակվել է առողջանալուց հետո մեկ շաբաթ անց: Այս մասին հայտնում է Thairath պարբերականը՝ վկայակոչելով Չայյափհում նահանգի առողջապահության դեպարտամենտին:

Պարբերականի տեղեկություններով՝ կինը մարտի սկզբին վերադարձել էր արտասահմանից: Նա մարտի 12-ին Բանգկոկում բժշկի էր դիմել COVID-19-ի ախտանիշներով: Կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքը դրական էր: Նրան 2 շաբաթից ավելի բուժել էին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Դուրս էին գրել միայն COVID-19-ի եռակի բացասական անալիզից հետո:

Կինը մարտի վերջին վերադարձել է հայրենի Չայյափհում նահանգ, իսկ ապրիլի 4-ին կրկին բժշկի է դիմել մրսածության հիվանդության ախտանիշներով: Կորոնավիրուսի ախտորոշման եռակի թեստը դրական էր, եւ կնոջը դարձյալ հոսպիտալացրել են. հիմա արդեն նահանգի հիվանդանոցներից մեկի ինֆեկցիոն բաժանմունքում: Նա հիմա կրկնակի բուժում է անցնում:

«Սա տարօրինակ դեպք է, բայց համաճարակաբանական հետաքննությամբ հաստատված է բժշկական փաստաթղթավորմամբ եւ բանգոկյան հիվանդանոցի բժիշկների ցուցմունքներով»,- ասել է նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վատչիրա Բոտփհիբունը:

Վերջին տեղեկություններով՝ Թաիլանդում COVID-19 համավարակի սկզբից գրանցվել է վարակման 2423 դեպք, 940 մարդ առողջացել է, 32 պացիենտ մահացել:



© NEWS.am Medicine