Որքա՞ն երկար են կորոնավիրուսի դեմ հակամարմիններն օրգանիզմում պահպանվում

17:17   15 ապրիլի, 2020

Առայժմ հայտնի չէ, թե մարդու օրգանիզմում որքան երկար են պահպանվում COVID-19 հիվանդություն առաջացնող նոր կորոնավիրուսի դեմ հակամարմինները: Սակայն մի քանի այլ կորոնավիրուսների դեմ հակամարմինները պահպանվում են միայն մոտ 3 ամիս, որը լրանալուց հետո հնարավոր է կրկին վարակվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փոխպատվաստման իմունաբանության լաբորատորիայի ղեկավար Գրիգորի Եֆիմովը (Ռուսաստան):

«Դրանք սովորական ՍՇՎ-ի հարուցիչներն են: Մեզ հետ են միլիոնավոր տարիներ, հարմարվել են մեզ, սովորել են խուսափել իմունային պատասխանից: Իսկ նոր կորոնավիրուսը (SARS-CoV-2) նոր է ներխուժել մարդկային պոպուլյացիայի մեջ: Հասկանալի չէ, թե իրեն ինչպես կպահի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ դեռեւս բավարար տվյալներ չկան միանշանակ եզրահանգումներ կատարելու այն մասին, թե հիվանդությունից ապաքինված մարդու օրգանիզմում որքան երկար է պահպանվում COVID-19-ի դեմ իմունիտետը. առայժմ «չափազանց քիչ ժամանակ է անցել առաջին պացիենտների ապաքինվելուց հետո»:

«Բայց մենք կարող ենք հենվել SARS-CoV-ի վերաբերյալ տվյալների վրա, որի գենոմը զգալիորեն համընկնում է նոր կորոնավիրուսի ՌՆԹ-ին: Դրա միջոցով մենք գիտենք, որ հակամարմինները բավականին մեծ խտությամբ արյան մեջ պահպանվում են 1-2 տարի: Միանգամայն հնարավոր է, որ այդպես կլինի նաեւ SARS-CoV-2-ի դեպքում»,- կարծիք է հայտնել գիտնականը:

Իսկ ահա Politico պարբերականի հարցմանը մասնակցած մասնագետները պնդում են, որ եթե անգամ մարդու մոտ հայտնաբերվել են SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, դա լիակատար պաշտպանություն չի երաշխավորում:

Այսօր մասնագետներից շատերը մեծ հույսեր են կապում այն հանգամանքի հետ, որ կարանտինային միջոցառումները կարելի է մեղմել, երբ բնակչության մեծ մասի մոտ նոր կորոնավիրուսի դեմ հակամարմիններ ստեղծվեն: Սակայն կարծիք կա, որ մարդու մոտ հակամարմինների առկայությունը դեռեւս չի նշանակում, որ նա կորոնավիրուսային ինֆեկցիայով չի վարակվի:

«Հնարավոր է, որ մարդկանց մոտ արդեն մշակվում է իմունիտետ, սակայն դա դեռեւս ենթադրություն է»,- հայտարարել է ամերիկյան «Հանրային առողջապահության լաբորատորիայի» (Association of Public Health Laboratories) ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով տնօրեն Քելլի Վրոբլեւսկին:



© NEWS.am Medicine