Ինչպիսի ռիսկեր է պարունակում տղամարդկանց վաղ սեռական հասունացումը

23:39   25 ապրիլի, 2020

Ինչպես պարզել են Գետեբորգի համալսարանի գիտնականները, վաղ սեռական հասունացումը վտանգավոր է տղամարդկանց համար։ 

Նրանք վերլուծել են 1945-1961 թվականներին ծնված 30 հազարից ավել մարդկանց տվյալները։ Հաշվի են առնվել կամավորների մարմնի զանգվածի ինդեքսը 8-20 տարեկան հասակում եւ սեռական հասունացման սկզբից մոտ 2 տարի անց (մոտ 14 տարեկանում)։ Առողջության վիճակի մասին տեղեկատվությունը հավաքվել է մինչեւ 2016 թվականը։

Պարզվել է, որ վաղ տարիքում (9-13 տարեկան) սեռական հասունացման հասած տղամարդկանց մոտ շաքարախտի 2-րդ տեսակի վաղ (մինչեւ 57 տարեկան) զարգացման հավանականությունը մոտ երկու անգամ ավելի է, քան այն տղամարդկանց մոտ, ում սեռական հասունացման շրջանը եղել է 15-18 տարեկանում։

Ըստ գիտնականների, ինչքան շուտ է սկսվում տղամարդու սեռական հասունացումը, այնքան մեծ է շաքարախտով նրա հիվանդանալու հավանականությունը։ Եվ ինչքան ուշ է եղել սեռական հասունացումը, այնքան ռիսկը փոքր է, անկախ մանկական տարիքում ունեցած մարմնի զանգվածի ինդեքսից։

Գիտնականները հայտարարում են, որ տղամարդկանց 15%-ի մոտ շաքարախտ չէր լինի, եթե չլիներ նրանց վաղ սեռական հասունացումը։ Այս կապի պատճառները գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել։ Մինչդեռ հավանական է, որ վաղ սեռական հասունացման ֆոնին որովայնի խոռոչում կատարվում է ճարպային հյուսվածքների ավելի ակտիվ կուտակում։ Այդ ճարպն ընդունակ է կուտակվել ներքին օրգանների մեջ եւ շուրջը՝ ավելացնելով մետաբոլիկ եւ սրտանոթային խանգարումների հավանականությունը։ 



© NEWS.am Medicine