Ինչպե՞ս պաշտպանել դեմքի մաշկը դիմակ կրելիս

16:31   26 ապրիլի, 2020

COVID-19 պանդեմիայի ժամանակ բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս կրել դիմակներ վարակվելուց պաշտպանվելու համար հատկապես հասարակական վայրերում։ Սակայն այդպիսի դիմակների ազդեցությունը դեմքի մաշկի վրա բնավ դրական չէ․ մաշկը կարող է կարմրել, կարող է հայտվել ցան, գրգռվածություն եւ այտուցներ։

Ինչպես պատմում են Հադերսֆիլդի համալսարանի (ՄԵծ Բրիտանիա) մաշկաբանները, դիմակի տակ դեմքը քրտնում է, ինչն ուժեղացնում է մաշկի հպումը դիմակի կտորի հետ, իսկ դա հանգեցնում է գրգռմանն ու մաշկի վնասմանը։ Այդ դեպքում հատկապես տուժում են զգայուն մաշկ ունեցող մարդիկ։

«Դիմակների բաղադրության մեջ հաճախ հանդիպում են պոլիպրոպիլենային մանրաթելեր, որոնք կարող են սրել մաշկի գրգռվածությունն ու ընդհանուր վիճակը։ Հաշվի առնելով, որ դիմակի տակ դեմքի վրա կարող են կուտակվել աղտոտված մասնիկներ, քրտինք, մեծանում է բորբոքումների, կարմրությունների, պզուկների, ալերգիկ կոնտակտային դերմատիտի առաջացման ռիսկը»,-բացատրել է չինացի կոսմետոլոգ Յույ Սյաոինը։

Ի՞նչ կարող ենք անել մաշկը բոլոր խնդիրներից պաշտպանելու համար։

  1. Դիմակ կրելու հետեւանքով առաջացող դեմքի վնասվածքները նվազագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում հաճախակի խոնավեցնել մաշկը որակյալ կրեմով։ Մասնագետները խորհուրդ են տալիս դեմքին օգտագործել կրեմը դիմակ կրելուց կես ժամ առաջ։
  2. Դիմակը պետք է կրել միայն մաքուր մաշկին։ Դեմքն անհրաժեշտ է լվանալ գոլ ջրով, այնուհետեւ օգտագործել խոնավեցնող կրեմ։
  3.  Գրգռվածությունների առաջացման դեպքում ավելի լավ է դադարեցնել օգտագործել դեկորատիվ կոսմետիկա եւ երիտասարդացնող միջոցներ․ սահմանափակվեք զգայուն մաշկի համար հիպոալերգիկ խոնավեցնող կրեմներով։
  4. Խորհուրդ է տրվում փոխել դիմակը յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Սակայն եթե այն խոնավացել է, պետք է անհապաղ փոխարինել նոր եւ մաքուր դիմակով։
  5. Դիմակը կրելու ժամանակ ցանկալի է հրաժարվել լուրջ կոսմետիկ միջամտություններից եւ մաշկը մաքրելու միջոցներից։ Աշխատեք չօգտվել օճառով, փրփուրներով, սքրաբներով, պիլինգներով։ Մաշկի վրա ազդեցությունը պետք է լինի հնարավորինս նուրբ։ Այդ ընթացքում մաշկի համար ամենակարեւորը բավարար խոնավեցումն է։


© NEWS.am Medicine