Կորոնավիրուսի բուժումը կարող է վտանգավոր լինել սրտի հիվանդություններով մարդկանց համար

17:35   27 ապրիլի, 2020

Որոշ հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք այսօր օգտագործում են կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման շրջանակում, կարող են բացասաբար ազդել սրտի եւ լյարդի վրա: Այս մասին զգուշացնում է Ռուսաստանի առողջապահության նախարարության Սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ֆիլիպ Պալեեւը:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», մասնագետը նշել է, որ չի կարելի առանց բժշկի նշանակման ինքնուրույն ընդունել հակավիրուսային դեղամիջոցներ:

Մասնագետի խոսքով՝ չկան հավաստի տեղեկություններ այն մասին, որ սրտի հիվանդություններով մարդիկ COVID-19-ով ավելի հաճախ են հիվանդանում, բայց ինֆեկցիան կարող է խորացնել քրոնիկական հիվանդությունների ընթացքը, այդ թվում՝ սրտի հիվանդությունների, եւ հենց այս պատճառով են այդպիսի պացիենտները ռիսկի խմբում: Պատահական չէ, որ կորոնավիրուսի զոհերի մեծամասնության մոտ եղել են ուղեկցող պաթոլոգիաներ, ինչպես՝ սրտի իշեմիկ հիվանդություն, սրտային քրոնիկական անբավարարություն, զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ եւ այլն:

Սրտաբանի խոսքով՝ ընդհանրապես սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների մոտ կորոնավիրուսային ինֆեկցիան ավելի ծանր է ընթանում սրացումների պատճառով: Նա նման պացիենտներին կոչ է անում հետեւել ինքնամեկուսացման, հիգիենայի եւ պաշտպանության անհատական միջոցների օգտագործման հրահանգներին: Նա նրանց նաեւ խորհուրդ է տալիս պարբերաբար չափել զարկերակային ճնշումը եւ ցուցանիշները գրանցել օրագրում, իսկ սովորական տվյալներից զգալի շեղումների դեպքում կապ հաստատել բժշկի հետ:



© NEWS.am Medicine