Կորոնավիրուսը կարող է հազվադեպ, բայց վտանգավոր ռեակցիա առաջացնել երեխաների մոտ. BBC

18:40   28 ապրիլի, 2020

Կորոնավիրուսը կարող է հազվադեպ, բայց վտանգավոր ռեակցիա առաջացնել երեխաների մոտ: Ինչպես հայտնում է BBC-ին, Մեծ Բրիտանիայի տարբեր մասերից տեղեկատվություն է ստացվում անսովոր ախտանիշներով փոքրիկ հիվանդների մասին:

Այս երեխաների մոտ համակարգային բորբոքում է ախտորոշվել, որն ուղեկցվում է գրիպի ախտանիշներով (Կավասակի հիվանդության ատիպիկ ընթացքի ախտանիշներ, որոնք խոցում են սիրտը եւ անոթները, եւ թունավոր ցնցումների համախտանիշ): Նրանց մոտ բարձր ջերմություն, արյան ցածր ճնշում, ցան եւ շնչառության հետ կապված բարդություններ են գրանցվել: Երբեմն այս երեխաները նաեւ դժգոհել են որովայնի ցավից, փսխումից կամ փորլուծությունից: Նրանց մոտ նաեւ սրտի բորբոքում եւ արյան անալիզում նորմայից շեղումներ են գրանցվել:

Թվարկված ախտանիշներով երեխաներից ոմանք (բայց ոչ բոլորը) վարակված են եղել կորոնավիրուսով, ինչը հաստատվել է թեստերով: Տուժած երեխաների տարիքը բավականին տարբեր էր: Ընդհանուր առմամբ, մասնագետների կարծիքով, երեխաներն ավելի լավ են տանում կորոնավիրուսը թոքային լուրջ վարակների զարգացման առումով, քան մեծահասակները: Մեծահասակները, թերեւս, բարդություններով ավելի հաճախ են հոսպիտալացվում, քան երեխաները:




© NEWS.am Medicine