Ինչ պետք է անել հղիներին COVID-19 համավարակի ժամանակ

15:46   30 ապրիլի, 2020

COVID-19 համավարակի ժամանակ հղի կանայք պետք է խստորեն պահպանեն պրոֆիլակտիկայի բոլոր կանոնները՝ պարբերաբար լվանան ձեռքերը, հականեխիչներ օգտագործեն, պահպանեն ինքնամեկուսացումը, իսկ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալիս հեռավորություն պահպանեն։ Այս մասին, հղում կատարելով մանկաբարձության եւ գինեկոլոգիայի վարակիչ հիվանդությունների միջազգային միության (ISIDOG) խորհրդատվություններին՝ ասել է Ֆոմինի բժշկական կլինիկաների ցանցի բժշկական տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Տատյանա Ռումյանցեւան (Ռուսաստան)։

Վերջին տվյալներով՝ հղի կանանց մոտ COVID-19-ի ընթացքը համարյա նույնն է, ինչ մարդկանց այլ խմբերի մոտ: Բայց հիմնական դժվարությունն այն է, որ հղի կանանց մոտ բարդությունների բուժումը շատ խնդրահարույց է, քանի որ նրանց հակացուցված է այն դեղամիջոցների մեծ մասը, որոնք այժմ օգտագործվում են կորոնավիրուսային վարակի բուժման համար:

Համարվում է, թե հավանականություն կա, որ կորոնավիրուսի վարակը մեծացնում է վաղաժամ ծննդաբերության եւ պտղի ներարգանդային աճի դանդաղման ռիսկը, սակայն առայժմ դրա մասին բավարար տվյալներ չկան, եւ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի գնահատվի վիրուսի իրական ազդեցությունը հղի կանանց եւ նորածինների օրգանիզմի վրա:

Փորձագետի խոսքերով՝ հաստատված կամ հավանական ախտորոշմամբ կանանց մոտ ծննդաբերությունն ավելի հաճախ կատարվում է կեսարյան հատման միջոցով: Սակայն բացառված չէ, որ դա բժիշկների կողմից ապահովագրման միջոց է։

Պտղի ներարգանդային վարակի դեպքեր, ըստ Տատյանա Ռումյանցեւայի, դեռ գրանցված չեն: Առաջին եռամսյակում COVID-19-ի դերի վերաբերյալ տվյալներ ընդհանրապես չկան, բայց տեսականորեն պտղի վրա բացասական ազդեցության ռիսկերը աննշան են: Ընդ որում, նորածին երեխայի վարակի հավանականություն կա, այդ պատճառով կանայք պետք է խստորեն պահպանեն կանխարգելիչ միջոցառումները, կարծում է մասնագետը:

Հղի կանանց համար կորոնավիրուսային վարակի ախտորոշումը իրականացվում է այնպես, ինչպես բոլոր մյուս մարդկանց մոտ՝ դրանք քսուքներ են քթաըմպանից, որոնք հետազոտվում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (PCR): Հնարավոր է նաեւ թոքերի ցածր դոզայով տոմոգրաֆիա:

Իսկ հղի կանանց մոտ կորոնավիրուսային վարակի ծանր բարդությունները պետք է բուժվեն միայն մասնագիտացված հիվանդանոցում, նշել է Տատյանա Ռումյանցեւան:



© NEWS.am Medicine