Հայաստանը վավերացնում է «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում ԱՊՀ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը

12:53   30 ապրիլի, 2020

Շաքարախտի հիվանդության դեմ պայքարում կարեւոր դեր է խաղում միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը, օրենքների եւ բժշկական գործընթացների սինքրոնացումը: Այս մասին «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում ԱՊՀ պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման մասին քննարկման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ այդ համաձայնագիրը դեռ 2008 թվականի նոյեմբերին ստորագրել են մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Ուկրաինան, Ռուսաստանն ու Ուզբեկստանը:

Վերջին մեկ տարում հայկական կողմը մասնակցել է շատ քննարկումների, համաժողովների՝ նվիրված այդ համաձայնագրին, եւ հասկանալի է դարձել, որ կարելի է վերսկսել աշխատանքը այդ ուղղությամբ եւ վերջապես վավերացնել համաձայնագիրը:

Համաձայնագրի շրջանակում երկրները պարտավորվում են միջոցներ ձեռնարկել՝ ուղղված շաքարախտի խնդրի հարցով ազգային օրենսդրության կատարելագործմանը, շաքարախտի կանխարգելման ոլորտում համալիր ծրագրերի հաստատմանն ու մշակմանը:

Բացի այդ, կողմերը պարտավորվում են անհրաժեշտության դեպքում համաձայնագրի մասնակից պետություններին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել առանց ծախսերի փոխադարձ հատուցման:

Փոխնախարարը հիշեցրեց, որ շաքարախտը լուրջ խնդիր է աշխարհի բոլոր երկրներում, եւ Հայաստանը բացառություն չէ: Այն մահացության թվով, իհարկե, զիջում է քաղցկեղի կամ սրտանոթային հիվանդություններին, սակայն ունի բացասական ազդեցություն եւ հաճախ հանգեցնում է հաշմանդամության:   



© NEWS.am Medicine