Ծխելը նպաստում է կորոնավիրուսի ներթափանցմանը թոքերի մեջ․ հետազոտություն

09:42   1 մայիսի, 2020

Ծխելը կարելի է համարել COVID-19 կորոնավիրուսով վարակման ռիսկի պոտենցիալ գործոն։ Ծխախոտի ծուխը, ինչպես պարզել են Baylor College of Medicine-ից եւ University of South Carolina-ից գիտնականները, նպաստում է կորոնավիրուսի ներթափանցմանը թոքերի մեջ։ Նոր հետազոտությունը հրապարակվել է American Journal of Respiratory and Critical Care Medicine ամսագրում։

Վերոնշյալ մասնագետները ուսումնասիրել են ACE2-ի, շնչառական ուղիներում մոլեկուլի արտահայտչականությունը, որին կորոնավիրուսը օգտագործում է մարդու բջիջներ ներխուժելու համար։ Նրանք նաեւ ուսումնասիրել են FURIN եւ TMPRSS2 ֆերմենտների արտահայտչականությունը, որոնք նպաստում են կորոնավիրուսով վարակմանը։

Հետազոտողների խոսքերով՝ ծխող մարդկանց թոքերի (որոնք առնվազն 100 ծխախոտ են ծխել կյանքի ընթացքում) հյուսվածքներում նկատվում է ACE2-ի առկայության 25 տոկոս աճ՝ համեմատած չծխողների հետ։

Ծխելը նաեւ մեծացրել է FURIN-ի ներկայությունը, սակայն ավելի քիչ՝ համեմատած ACE2-ի հետ։ Գիտնականները հայտնաբերել են, որ ծխելը փոխում է բջիջների գեների արտահայտչականությունը թոքերում, այնպես որ ACE2-ի գենը ավելի բարձր է արտահայտվում գոբլե բջիջներեւմ, որոնք լորձ են արտադրում, որպեսզի պաշտպանեն թոքերի լորձաթաղանթները։

Ծխելու ազդեցությունը ACE2-ի թոքային արտահայտչականության վրա, որը բացահայտվել է հետազոտության մեջ, մատնանշում է ոչ միայն կորոնավիրուսի «մուտքի կետերը», այլեւ կարող է ծխողների թոքեր վիրուսի ներթափանցման բարձր ռիսկ ենթադրել։

 



© NEWS.am Medicine