Գիտնականները անբուժելի քաղցկեղի բուժման նոր միջոց են առաջարկել

22:20   2 մայիսի, 2020

Հարվարդի գիտահետազոտական ինստիտուտի եւ Ջոն Փոլսոնի անվան ինժեներական ու կիրառական գիտությունների հարվարդյան դպրոցի գիտնականները անբուժելի քաղցկեղի, որը կայուն է իմունային համակարգի հանդեպ, բուժման նոր միջոց են առաջարկել։ Նրանք մշակել են միջոց, որը ստիպում է մակրոֆագի բջիջներին պայքարել ուռուցքի դեմ։ Գիտնականների հոդվածը հրապարակվել է Science Advances ամսագրում։

Աշխատանքի հեղինակները ստեղծել են մասնիկ, որն անվանել են «ուսապարկ»։ Այդ մասնիկը կապվում է մակրոֆագների մակերեւույթի հետ եւ կարգավորում դրանց ֆենոտիպը՝ չարորակ բջիջների դեմ պայքարի վիճակում պահելով։

«Ուսապարկերը» մի քանի օր խուսափում են բջիջներին (ֆագոզիտոզին) կուլ գնալուց եւ անընդմեջ արտադրում են ցիտոկիններ՝ ազդանշանային մոլեկուլներ, որոնք ակտիվացնում են մակրոֆագների հակաուռուցքային ազդեցությունը։

Այս տեխնոլոգիայի օգտագործմամբ բուժումը արդյունավետություն է ցույց տվել նույնիսկ կրծքագեղձի քաղցկեղի հյուսվածքներում, որտեղ իմունիտետը շատ ճնշված է։

Մակրոֆագները կլանում եւ ոչնչացնում են օրգանիզմի համար այնպիսի պոտենցիալ սպառնալիքները, ինչպիսին են վիրուսները, մանրէները եւ քաղցկեղային բջիջները։ Սակայն չարորակ բջիջները ունակ են արտադրել նյութեր, որոնք մակրոֆագները վերաուղղում են ուռուցքի աճին նպաստող վիճակի։ Դրանք ճնշում են իմունային համակարգը եւ խթանում արյունատար անոթների աճը, որոնք ուռուցքը մատակարարում են սննդարար նյութերով եւ ապահովում են դրա հետագա մետաստազացումը։



© NEWS.am Medicine