13:41 4 մայիսի, 2020Հայաստանում երեկ սկսել են մեծ քանակությամբ եռաշերտ բժշկական դիմակների արտադրությունը: Եթե այս արտադրությունը շարունակական լինի, երկրում դիմակի պակաս չի լինի: Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախատեսվում է երկրում սկսել նույնիսկ N95 դիմակների արտադրություն, որոնք սովորական դիմակներից շատ ավելի թանկարժեք են եւ ավելի դժվար է ձեռք բերել: Առողջապահության նախարարության միջնորդությամբ տեղական արտադրողներից մեկը Սինգապուրից ձեռք է բերում հատուկ հաստոց՝ արտադրությունը սկսելու համար:
Նախարարի խոսքով՝ մեկ այլ արտադրող սկսել է բուժաշխատողների համար պաշտպանական հագուստի արտադրությունը, խոսքը նախնական 100 հազար լրակազմի մասին է:
Նախարարը նշեց, որ Հայաստանում դիմակների եւ պաշտպանական սարքավորումների առկայության խնդիր չկա, սակայն կարող են առաջանալ այդ ամենի ձեռքբերման ու գնման հետ կապված ֆինանսական խնդիրներ: Այս բոլոր արտադրանքները ի սկզբանե բավականին թանկ արժեին, իսկ հիմա գներն ավելի են աճել, քանի որ թանկացել է հումքը եւ լոգիստիկ խնդիրներ են առաջացել:
Ինչ վերաբերում է պաշտպանական ակնոցներին, նախարարի խոսքով, երկրում բավարար քանակությամբ կան: Դրանց գլխավոր առավելությունն այն է, որ դրանք սովորաբար մեկանգամյա օգտագործման չեն եւ ճիշտ ախտահանումից հետո կարելի է շարունակել օգտագործել:
Հայաստանի բժշկական կենտրոններում, իհարկե, առայժմ խնդիրներ կան՝ կապված պաշտպանական սարքավորումների (որոշ բուժկենտրոններ, ըստ երեւույթին, չհասկանալով դրանց կարեւորությունը, բավարար քանակությամբ չեն գնել) եւ դրանց ճիշտ օգտագործման հետ, քանի որ սխալ օգտագործումը կարող է բերել եւ բերում է աշխատանքի ժամանակ բուժաշխատողների վարակման: