COVID-19-ի բռնկումից հետո Չինաստանում սկսվել է հետտրավմատիկ սթրեսային խանգարման իսկական համավարակ

23:08   6 մայիսի, 2020

Չինաստանի որոշ շրջաններում համարյա յուրաքանչյուր տասներորդ մարդը բախվել է COVID-19 կորոնավիրուսի հետեւանքով առաջացած հետտրավմատիկ սթրեսի հետ: Այս մասին ասվում է Psychiatry Research ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Շանհայի ռազմածովային բժշկական համալսարանից Նյանկի Լուն եւ նրա գործընկերները գնահատել են հետտրավմատիկ սթրեսային խանգարման տարածվածությունն ու կանխատեսումները Չինաստանի այն շրջաններում, որոնք ամենաշատն են տուժել COVID-19 կորոնավիրուսի բռնկման ժամանակ:

Ինչպես պարզվել է, COVID-19 կորոնավիրուսի բռնկումից մեկ ամիս անց հետտրավմատիկ սթրեսի տարածվածությունը Չինաստանի առավել տուժած շրջաններում, կազմել է 7%: Զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ է նկատվել կանանց մոտ: Ավելի հազվադեպ այս խնդրին բախվել են քնի լավ որակ եւ վաղ արթնանալու ամենաքիչ հաճախականություն ունեցեղ հարցվածները։

Ուսումնասիրության հեղինակների կարծիքով, մասնագիտական եւ արդյունավետ ծրագրերը պետք է մշակվեն հոգեկան առողջության պահպանման ծառայությունների կողմից, որպեսզի նպաստեն Չինաստանի տուժած շրջաններում բնակչության, հատկապես առավել խոցելի համարվող կանանց եւ տարեցների հոգեբանական բարեկեցությանը։

 



© NEWS.am Medicine