Երեւանի «Շտապօգնության» 12 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

16:05   7 մայիսի, 2020

Կորոնավիրուսային ինֆեկցիա է հայտնաբերվել Երեւանի «Շտապօգնության» 12 աշխատակցի մոտ: Այս մասին լրագրողներին հայտնեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ 12 բուժաշխատողի մոտ էլ հիվանդության ոչ մի ախտանիշ չի եղել, իսկ վիրուսը հայտնաբերվել է թեստի շնորհիվ: Հիմա այս բուժաշխատողները մեկուսացած են համապատասխան հաստատություններում եւ իրենց լավ են զգում:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ այսօր բոլոր աշխատակիցներն ապահովվել են մեկամգամյա օգտագործման դիմակներով, խալաթներով եւ հատուկ հագուստով:

Նա նաեւ նշեց, որ դեպքեր են եղել, երբ բժիշկներն ու բուժքույրերը համավարակի պայմաններում չեն ցանակացել «Շտապօգնությունում» աշխատել: Առավել հաճախ նրանք 50-55 տարեկան բուժաշխատողներն են, եւ նրանց իրավիճակին ղեկավարությունը ըմբռնումով է մոտեցել, նրանցից ոմանք արձակուրդ են վերցրել, մինչեւ իրավիճակը բարելավվի: Նրանցից ոչ ոք աշխատանքից չի ազատվել։

Քիչ չեն նաեւ այն բուժաշխատողները, որոնք բացարձակապես չեն վախենում կորոնավիրուսից եւ դիմում են «Շտապօգնություն»՝ պատրաստ այնտեղ աշխատելու: Տնօրենի խոսքով՝ գրեթե ամեն օր իրենք այդպիսի դիմումներ են ստանում:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ի առավոտվա դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2884 դեպք: Փաստորեն, հիմա բուժվում է 1648 մարդ (մեկ օրում թիվն ավելացել է 48-ով): Ապաքինվել է 1185 մարդ (50 մարդ՝ վերջին մեկ օրում), մահացել է 42 պացիենտ (թիվն ավելացել է 2-ով): Եվս 2 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը կազմում 7:



© NEWS.am Medicine