10 անսպասելի ախտանիշներ, որոնք վկայում են երիկամների հետ կապված խնդիրների մասին

16:38   10 մայիսի, 2020

Դեմքի եւ վերջույթների այտուցներ, մեզի արտադրության նվազում՝ սրանք երիկամների հետ կապված խնդիրների առավել ակնհայտ ախտանիշներն են, որոնց մասին դուք կարող էիք չիմանալ։

Մեջքի ցավեր

Մեջքի վերին մասի կամ կողքի ցավերը, որոնք տարածվում են դեպի առջեւի որովայնային պատը եւ ցավ են տալիս աճուկին, կարող են վկայել երիկամների հետ կապված խնդիրների մասին։ Այդպիսի ցավերը ոչ հազվադեպ լինում են միզամուղ ուղիների վարակների դեպքում, որոնք անցնում են երիկամներին։ Ուժեղ ցավերը եւ սպազմերը կարող են նաեւ երիկամներում քարերի առկայության նշան լինել։

Հոգնածություն

Երիկամների հիվանդությունների ժամանակ դանդաղում է էրիթրոպոետինի՝ էրիթրոցիտների արտադրությունը կարգավորող հորմոնի արտադրությունը: Դրա անբավարարությունը անեմիա, հոգնածություն, թուլություն, տկարություն, քնկոտություն է առաջացնում:

Դող

Երիկամների հիվանդությունները երբեմն ուղեկցվում են դողով, ցրտի զգացումով, նույնիսկ եթե դրսում եւ ներսում տաք է: Թթվածնի անբավարարության եւ անեմիայի պատճառով նվազում է ջերմության ու էներգիայի արտադրությունը, ինչի հետեւանքով էլ առաջանում է դող:

Մկանների ջղաձգում

Մկանների հանկարծակի ջղաձգումը բնորոշ է երիկամների խնդիրներին: Դա կարող է տեղի ունենալ արյունատար անոթներում տոքսինների կուտակման պատճառով:

Խառնաշփոթ գիտակցություն

Երիկամների հիվանդությունները երբեմն կարող են ազդել ուղեղի վրա՝ առաջացնելով հիշողության հետ կապված խնդիրներ, գլխապտույտներ: Թթվածնի պակասի պատճառով կարող է առաջանալ նաեւ թուլություն եւ նախաուշաթափության վիճակ, հատկապես կտրուկ շարժումների ժամանակ, օրինակ՝ անկողնուց վեր կենալիս:

Բարձր ճնշում

Երիկամները պատասխանատու են արյան մեջ եւ հյուսվածքներում աղի քանակության կարգավորման համար: Երիկամային խնդիրները հաճախ հանգեցնում են զարկերակային բարձր ճնշման:

Միզամուղ ուղիների հաճախակի վարակներ

Միզամուղ ուղիներում հաճախակի վարակները կարող են կապված լինել երիկամներում քարերի առաջացման հետ:

Շնչարգելություն

Երբեմն երիկամների հետ կապված խնդիրների դեպքում ավելորդ հեղուկը դուրս չի գալիս օրգանիզմից եւ կուտակվում է թոքերում՝ առաջացնելով հիպոքսիա եւ շնչառության դժվարություն:

Մաշկի քոր

Երբեմն երիկամների հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել քորի առաջացման, ինչպես նաեւ՝ չորության, կարմրության եւ մանր ցանի:

Մետաղական համ

Արյան մեջ մետաբոլիզմի թափոնները (միզաթթու եւ ամոնիակ) կարող են փոխել սննդի համը, բերանից հոտ առաջացնել: Ցանկացած սննդի մեջ մետաղի վատ համը կարող է երիկամների աշխատանքի խախտման արդյունք լինել։



© NEWS.am Medicine