Գիտնականները նշել են կորոնավիրուսի հետեւանքով մահացության առանցքային գործոնները

11:07   11 մայիսի, 2020

Օքսֆորդի համալսարանից ու Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցից հետազոտողների խումբը վերլուծել է միլիոնավոր պացիենտների տվյալները եւ հայտնաբերել կորոնավիրուսի հետեւանքով մահացության առանցքային գործոնները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է medRxiv-ում:

Գիտնականները տեղեկություններ են հավաքել 17 մլն բրիտանացիների առողջության վերաբերյալ: Կոքսի մաթեմատիկական մոդելը կիրառելով (այս մեթոդը թույլ է տալիս կանխատեսել որոշակի իրադարձություն սկսվելու ռիսկը եւ գնահատել տարբեր գործոնների նշանակությունը), գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի հետեւանքով մահանալու հավանականությունը ավելի բարձր է սեւամորթների եւ ասիացիների շրջանում:

Ռիսկի գործոններ են եղել նաեւ տարիքը, շաքարային դիաբետը եւ ասթմայի ծանր տեսակները: Դրանից բացի, կորոնավիրուսի հետեւանքով ավելի հաճախ մահանում են տղամարդիկ, ինչպես նաեւ եկամտի ցածր մակարդակով մարդիկ: Հետազոտողները չեն կարողացել բացատրել վերջին չափանիշը:

Նշենք, որ փետրվարի 1-ից ապրիլի 25-ն անցկացված հետազոտությունների ժամանակահատվածում մարդկանց ընտրված խմբից 5683 պացիենտ մահացել է հաստատված կորոնավիրուսի հետեւանքով:



© NEWS.am Medicine