Կանադայում կորոնավիրուսով վարակված կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ

13:42   11 մայիսի, 2020

Աշխարհի երկրների մեծ մասում տղամարդիկ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով եւ մահանում դրա հետեւանքով: Սակայն Կանադայում, Քվեբեքի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի տվյալներով, պարզվում է, որ կանայք ավելի հաճախ են վարակվել: Կանանց թվում ավելի շատ են եղել նաեւ մահվան դեպքերը:

Ըստ տեղեկությունների՝ Քվեբեքում վարակվածների գրեթե 60 տոկոսը կանայք են, իսկ մահացու դեպքերի թվում կանայք կազմել են 54 տոկոս:

Ներկայումս Քվեբեք նահանգի տարածքում կա կորոնավիրուսային ինֆեկցիայի հաստատված գրեթե 37 000 դեպք, իսկ մահվան դեպքերի թիվը գերազանցել է 2700-ը:

Հանրային առողջապահության ազգային ինստիտուտն առայժմ չի կարող հստակ բացատրել, թե ինչու են պացիենտների թվում կանայք ավելի շատ, քան տղամարդիկ: Հնարավոր է՝ դա կապված է բժշկության ոլորտում գենդերային անհավասարության հետ. այնտեղ բժիշկների եւ բուժքույրերի թվում կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ:

Հատկանշական է, որ վարակվածների մեծամասնությունը՝ 28 տոկոսը, 30-ից մինչեւ 49 տարեկան է: Ամենամեծ մահացությունը եղել է 80-ից մինչեւ 89 տարիքային խմբում՝ 40 տոկոս: Մահացածների թվում 33,4 տոկոսը եղել է 90 եւ ավելի մեծ տարիքի:



© NEWS.am Medicine