Գիտնականները կորոնավիրուսից մահվան հավանականությունը գտնելու համար հաշվիչ են ստեղծել

23:35   11 մայիսի, 2020

Լեհ գիտնականները ստեղծել են հաշվիչ, որի օգնությամբ կարելի է «հաշվել» COVID-19 կորոնավիրուսի վարակից մահվան ելքի հավանականությունը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Պոմորյան գիտատեխնոլոգիական պարկի ներկայացուցիչ Մագդալենա Մալարա-Շչվիտոնսկայան նշել է, թե ծրագիրը «հաշվի է առնում մարդու տարիքը եւ սեռը, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների 4 հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը»:

Հաշվիչի փորձարկումը ցույց է տվել, որ 30-ամյա տղամարդկանց եւ կանանց համար, ովքեր չունեն հարակից հիվանդություններ (սրտանոթային հիվանդություններ, արյան բարձր ճնշում, շաքարային դիաբետ, քաղցկեղ) կորոնավիրուսից մահվան ռիսկը կազմում է համապատասխանաբար 0,03 եւ 0,02 տոկոս:

Իսկ ահա 80 տարեկան հիվանդի համար, եթե նա ունի շաքարախտ եւ քաղցկեղային հիվանդություններ, մահվան ելքի հավանականությունը կազմում է 25,86 տոկոս (եթե տղամարդ է) եւ 14,03 տոկոս (եթե կին է):

«COVID- ից մահվան ռիսկը շատ հստակ կախված է կենսակերպից եւ դրա հետ կապված հիվանդություններից: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ առանց որեւէ քրոնիկ հիվանդությունների մարդկանց շրջանում մահացությունը կազմում է COVID-19- ից մահվան դեպքերի 1 տոկոսից քիչ մասը»,- նշել է հաշվիչի գլխավոր ստեղծող Պետր Բանդոշը:



© NEWS.am Medicine