Գիտնականները բացատրել են կորոնավիրուսով վարակման կրկնվող դեպքերը

23:43   12 մայիսի, 2020

Մարդիկ, ովքեր կրկին վարակվել են կորոնավիրուսով, ամենայն հավանականությամբ, վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի առողջապահական մարմիններին։

Փորձագետներն անալիզներ են վերցրել տասնյակ պացիենտներից, որոնց մոտ ապաքինվելուց հետո COVID-19-ի կրկնակի թեսթերը դրական արդյունք են ցույց տվել։ Մասնագետների կարծիքով՝ այդ արդյունքները կեղծ-դրական են եւ պայմանավոերված են օրգանիզմում SARS-CoV-2-ի մասնիկների մնացուկներով։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (Հարավային Կորեա) ներկայացուցիչները կարծում են, որ այս պացիենտները վարակիչ չեն շրջապատի համար։

Հարավային Կորեայում օգտագործում են հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային շղթայական ռեակցիայով (RT-PCR) թեսթեր, որոնց օգնությամբ կարելի է որոշել կորոնավիրուսի գենետիկ նյութը։ Այս միջոցը համարվում է առավել ճշգրիտ COVID-19-ի ախտորոշման համար։ Սեուլի համալսարանից վակցինայի մշակման փորձագետ Սեուլ Դայ-Վուի կարծիքով՝ որոշ դեպքերում թեսթերը կարող են կորոնավիրուսի հին մասնիկներ հայտնաբերել։

Մայիսի 6-ի դրությամբ Հարավային Կորեայում գրանցվել է COVID-19-ի 350 «կրկնակի» դեպք։ Ապաքինված պացիենտների մի մասը մինչ այժմ ունի կորոնավիրուսի որոշ ախտանիշներ, սակայն առողջապահության մարմինների ներկայացուցիչները ենթադրում են, որ այս մարկերները հազիվ թե առաջացել են SARS-CoV-2 վիրուսից։ Գործակալությունը հայտնում է, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը այս պահին չի հայտնաբերել թեսթի կեղծ-դրական արդյունք ստացած պացիենտից կորոնավիրուսի փոխանցման որեւէ դեպք։

 



© NEWS.am Medicine