Հետ-օրգազմիկ հիվանդություն․ Ի՞նչու է սեռական հարաբերությունից հետո վատթարանում ինքնազգացողությունը

21:30   12 մայիսի, 2020

Որոշ մարդիկ սեռական ակտիվությունից հետո (հարաբերություն կամ մաստուրբացիա) ունենում են հարբուխանման սիպտոմներ, ինչպես նաեւ այլ ինքնազգացողության խանգարումներ՝ հոգնածություն, թուլություն, գլխացավ, ջերմություն, տեսողական խանգարումներ, ջերմահորդանք կամ մրսածության զգացողություն, աչքերի մրմռոց կամ արցունքահոսություն, քթի փակվածություն, մկանային կծկանքներ եւ ցավեր, հավասարակշռության խանգարումներ:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը, ինքնազգացողության վատթարացումը կարող է ի հայտ գալ օրգազմից մի քանի րոպե կամ մի քանի ժամ հետո:

Այս ախտանիշների պատճառը հետ-օրգազմիկ սինդրոմն (հիվանդությունն) է, որն իրականում բավական հազվդեպ է հանդիպում, սակայն պացիենտների կյանքի որակի վրա լուրջ ազդեցություն է ունենում։

Երբեմն նշված ախտանիշնեը կարող են տեւել մեկ շաբաթ, ինչը բավականաչափ անհանգստություն է պատճառում պացիենտներին: Հաճախ այս խնդիրը կարող է հանգեցնել սեռական ակտիվությունից հրաժարվելուն:

Մասնագետի խոսքով՝ հետ-օրգազմիկ սինդրոմը կարող է լինել առաջնային կամ երկրորդային. Առաջնայինի ժամանակ սիմպտոմները դրսեւորվում են սեռական կյանքը սկսելու հենց սկզբից, երկրորդայինի դեպքում՝ ավելի ավագ տարիքում, որոշ ժամանակ սեռական կյանք վարելուց հետո:

Ենթադրվում է, որ այս խնդիրները կապված են օրգանիզմում ալերգիկ, աուտոիմուն խանգարումների հետ, ինչպես նաեւ գլխուղեղում քիմիական բալանսի խախտման հետ (chemical imbalance):

Հետ-օրգազմիկ սինդրոմի բուժման սպեցիֆիկ մեթոդներ չկան, բայց որոշ մարդկանց մոտ սիմպտոմները կոմպեսացվում են՝ կիրառելով անտիհիստամինային, սերոտոնինի հետադարձ կլանումը կանխող պրեպարատներ, բենզոդիազեպինային շարքի դեղեր եւ այլ միջոցներ:

Մասնագետի խոսքով՝ հետ-օրգազմիկ սինդրոմ ունեցող պացիենտները անպայման պետք է դիմեն բժշկական օգնության, հետազոտվեն եւ իրականացնեն բուժում՝ սեռական առողջությունը վերականգնելու համար:



© NEWS.am Medicine