Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսից բարձր մահացության պատճառը

23:23   13 մայիսի, 2020

Հիվանդության ընթացքում առանցքային դեր է խաղում իմունային համակարգի չափազանց մեծ ռեակցիան SARS-CoV-2 վիրուսին, որն առաջացնում է COVID-19: Այս մասին հայտնել են չինացի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը հրապարակվել է Frontiers in Public Health ամսագրում:

Մարդու օրգանիզմում սրընթաց տարածվող վիրուսը առաջացնում է մի վիճակ, որը հայտնի է որպես ցիտոկինային փոթորիկ, դա իմունային բջիջների անվերահսկելի ակտիվացում է: Այս ռեակցիան կարող է պոտենցիալ մահացու լինել հիվանդի համար, քանի որ առաջացնում է հյուսվածքների, առաջին հերթին՝ թոքերի, վնասվածք։

Ցիտոկինային գրոհի պատճառով պացիենտի մոտ բարձրանում է ջերմությունը, արյան մակարդելիությունը, իջնում է զարկերակային ճնշումը, զգացվում է թթվածնի անբավարարություն եւ թոքերի մեջ հեղուկ է հայտնվում: COVID-19-ով պացիենտներին հատուկ է նաեւ սուր շնչառական դիսթրես-համախտանիշի, սեպտիկ ցնցումների, նյութափոխանակության ացիդոզի, կոագուլյացիայի դիսֆունկցիայի եւ օրգանների բազմակի անբավարարության համախտանիշի առաջացումը: Սրանով էլ բացատրվում է վարակվածների շրջանում մահացության համեմատաբար բարձր մակարդակը:

Հետազոտության համահեղինակներից մեկի՝ պրոֆեսոր Դայշուն Լյուի կարծիքով, նոր կորոնավիրուսի բուժման հետ կապված իրավիճակը սրում է արդյունավետ դեղամիջոցի բացակայությունը: Այս պահին բուժման նպատակը պետք է լինի ախտանիշների դեմ պայքարը, ներքին օրգանների գործառույթների ինտենսիվ պահպանումը, արյունը մաքրելը։

Կարեւոր է նաեւ պացիենտների մոտ հիվանդության կրկնությունը կանխելը: Մասնավորապես, SARS-CoV-2-ը կարող է վնաս հասցնել ոչ միայն շնչառական, այլեւ մարսողական համակարգին՝ աղիներ վարակի ներթափանցման հետեւանքով: Բժիշկները ենթադրում են, որ այս դեպքում օրգանիզմը անպաշտպան է դառնում այլ ախտահարույց միկրոօրգանիզմների դեմ:



© NEWS.am Medicine