Գիտնականները բուժման մեթոդներ կգտնեն, բայց կորոնավիրուսը ոչ մի տեղ չի անհետանա. ԱՀԿ

17:55   14 մայիսի, 2020

COVID-19 համավարակը կարող է վնաս հասցնել մարդկանց հոգեկան առողջությանը, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ն տարբեր երկրների կառավարություններին կոչ են անում լուրջ ուշադրություն հատկացնել իրենց քաղաքացիներին հոգեբանական օգնության ցուցաբերմանը:

ԱՀԿ մասնագետների կարծիքով՝ կորոնավիրուսի տարածման լիակատար վերահսկման համար մարդկությանն անհրաժեշտ է 5 տարուց ոչ պակաս, հայտնում է BBC-ն: Իրավիճակն ինչ-որ բանով նման կլինի ՄԻԱՎ-ի հայտնվելուն. գիտնականներն, ավելի շուտ, կգտնեն թերապիայի մեթոդները, բայց վիրուսը ոչ մի տեղ չի անհետանա:

Իհարկե, առայժմ լուրջ առաջընթաց չկա ո՛չ պատվաստանյութի ստեղծման, ո՛չ կորոնավիրուսի բուժման գործում: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունից հայտնել են, որ ամենալավատեսական հաշվարկներով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի մոտ մեկ տարի հետո: Գործակալության ղեկավար Մարկո Կավալերին ասել է, որ թերահավատորեն է վերաբերվում այն հայտարարություններին, որ արդեն սեպտեմբերին մշակումները կավարտվեն:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժմանը, ներկայումս մեծ թվով դեղամիջոցներ են թեստավորվում, բայց ոչ մեկի արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ:

ԱՄՆ-ում գիտնականները դադարեցրել են ռեմդեսիվիրի կլինիկական փորձարկումները՝ հակավիրուսային դեղամիջոց, որը մինչեւ վերջին ժամանակները համարվում էր COVID-19-ի բուժման համար ամենահեռանկարային պոտենցիալ դեղամիջոցը: Փորձարկումները դադարեցվել են ամենեւին ոչ դրանց ձախողման պատճառով, այլ, ավելի շուտ, հակառակը. գիտնականները որոշել են չսպասել վերջնական արդյունքներին, որ թույլ չտան պլացեբո ընդունած հսկիչ խմբի պացիենտների շրջանում ավելորդ զոհեր:



© NEWS.am Medicine