Ծնողները 5-ամսյա դստեր մոտ քաղցկեղը կասկածել են լուսանկարի մանրամասների շնորհիվ (ֆոտո)

21:23   14 մայիսի, 2020

26-ամյա Շելբի Սիմքինսը, անգլիական Քենթ կոմսության Դուվր քաղաքից, իր 5-ամսյա դստեր մոտ քաղցկեղ է կասկածել լուսանկարում ոչ մեծ մանրամասնի շնորհիվ։

Ինչպես պատմում է The Mirror թերթը, Շելբին շատ է լուսանկարել իր դստերը՝ Դելա Ռոուզին: Երբ աղջիկը 5 ամսական էր, կերակրելուց հետո կինը հերթական անգամ լուսանկարել է նրան: Նայելով լուսարձակով արված նկարին, Շելբին նկատել է, որ աղջկա աչքի հետ ինչ-որ բան կարգին չէ՝ այն արտացոլում է սպիտակ լույսը, ոչ թե կարմիրը: Բացի այդ, աղջիկն ի ծնե շլություն ուներ:

Մանկաբույժին այցելելիս Շելբին լուսնկարի մասին պատմել է նրան, եւ նա խորհուրդ է տվել դիմել ակնաբույժի: Արդյունքում աղջկա մոտ ախտորոշվել է ռետինոբլաստոմա՝ ցանցաթաղանթի քաղցկեղ, որը մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ է լինում։

Ուռուցքը, պարզվել է, չափազանց մեծ է եղել, եւ Շելբին ու նրա զուգընկեր Ռայան Դանեմը ստիպված են եղել աղջկա ձախ աչքը հեռացնելու դժվար որոշում կայացնել: Վիրահատությունը կատարվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին: Այն տեւել է 2 ժամ եւ հաջող է անցել, որի ընթացքում աղջիկան ժամանակավոր արհեստական աչք են տեղադրել: Աղջկա աջ աչքը, պարզվել է, առողջ է:

Փետրվարին երեխային փոխպատվաստել են արհեստական աչք, որը համարյա չի տարբերվում իրականից։ Այն պետք է շաբաթական մեկ անգամ հանվի եւ լվացվի օճառով ու ջրով, ապա նորից տեղադրվի: Աղջկան դուր չի գալիս այս պրոցեդուրան, սակայն նա աստիճանաբար ընտելանում է դրան:



© NEWS.am Medicine