Նոր սարքը կարող է օգնել Ալցհեյմերի հիվանդությունն աչքերից ախտորոշել

20:07   16 մայիսի, 2020

Դյուկի համալսարանի գիտնականները մշակել են վիզուալացման նոր սարք, որի օգնությամբ կարելի է գնահատել աչքի հետին մասում ցանցաթաղանթի տարբեր շերտերի ե՛ւ հաստությունը, ե՛ւ հյուսվածքը։ Այդ սարքի օգնությամբ կարելի է ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը։

Ինչպես գրում է Medical Express-ը, Ալցհեյմերի հիվանդության դեպքում տեղի է ունենում ցանցաթաղանթի բարակում եւ ցանցաթաղանթի նյարդային բջիջների փոփոխություններ (շերտը դառնում է կոշտ, եւ բջիջները ավելի քաոսային են տեղակայվում), ինչը վկայում է ուղեղում նյարդային հյուսվածքի ծավալի նվազման մասին։

Ուղեղի վնասվածքներով կրծողների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցանցաթաղանթում նյարդային բջիջների վերին շերտը հյուսվածքի փոփոխություններ ունի։ Այդ շերտի հաստության փոփոխությունների մասին տվյալների հետ համադրությամբ նոր չափումը կարող է Ալցհեյմերի հիվանդության բիոմարկեր հանդիսանալ։

Մասնագետներն առաջարկում են վերլուծության մեջ  օգտագործել ուլտրաձայնի օպտիկական կրկնօրինակը։ Այն աշխատում է լույսի ալիքներ ուղարկելով հյուսվածքներ եւ չափելով, թե որքան ժամանակ նրանց կպահանջվի վերադառնալու համար։ Այդ պատճառով նոր մեթոդը ի զորու է գնահատել ցանցաթաղանթում ուսումնասիրվող օբյեկտի ե՛ւ հաստությունը, ե՛ւ հյուսվածքի առանձնահատկությունները։



© NEWS.am Medicine