Գիտնականները բժշկական դիմակների արդյունավետությունը ստուգել են համստերների վրա

12:29   18 մայիսի, 2020

Բժշկական դիմակներն իրականում արդյունավետ են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարում: Հոնկոնգի համալսարանից գիտնականները սա ապացուցել են համստերների վրա կատարած թեստի շնորհիվ:

Անհատական պաշտպանության միջոցներն իսկապես օգնում են զգալիորեն նվազեցնել վիրուսի առանց շփման փոխանցումը, հայտնում է South China Morning Post-ը:

Գիտնականները փորձի շրջանակում պատրաստել են հատուկ կառույց: Յուրաքանչյուր վանդակում մի կողմից տեղադրվել է մեկ կորոնավիրուսով վարակված համստերի, իսկ մյուս կողմից 3 առողջի: Հետազոտողները վանդակների միջեւ նաեւ օդափոխիչներ են տեղադրել, որոնք վարակված կրծողներից ինֆեկցիան «տարածել» են առողջներին: Դրանից բացի, գիտնականները վանդակների միջեւ տեղադրել են հատուկ «դիմակային միջնորմ»:

Փորձագետներն անցկացրել են 3 թեստ. առաջին թեստում «դիմակային միջնորմը» դրվել է վարակված կենդանիների վանդակների մոտ, երկրորդում՝ առողջ համստերներով վանդակների մոտ, երրորդում ընդհանրապես չի դրվել: Փորձից մեկ շաբաթ անց առանց միջնորմների վանդակներում եղած 15 առողջ համստերներից 10-ը վարակվել է կորոնավիրուսային ինֆեկցիայով: Միեւնույն ժամանակ, երբ վարակված կենդանիների վանդակների մոտ դիմակներ են դրվել, վարակվել է 12-ից միայն 2 կրծող: Իսկ երբ միջնորմը տեղադրել են միայն առողջ համստերների վանդակի մոտ, հիվանդացել է 12-ից 4 կրծող:

Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ բժշկական դիմակ կրելու դեպքում կորոնավիրուսի փոխանցումը կարող է 50 տոկոսով նվազել:



© NEWS.am Medicine